Հունվարի 20-ին ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը երդմնակալությամբ պաշտոնապես կստանձնի ԱՄՆ նախագահի պաշտոնը։ Անցյալ տարի նոյեմբերին Ամերիկայի Միացյալ Նահանգներում տեղի ունեցած նախագահական ընտրություններն իրենց արդյունքներով բավականին հակասական էմոցիոնալ ֆոն էին ստեղծել ամբողջ աշխարհում, և Հայաստանն էլ այս առումով բացառություն չդարձավ: Մեր խնդիրն է հասկանալ, թե ինչ է կատարվելու աշխարհում Թրամփի՝ ԱՄՆ նախագահի պաշտոնի ստանձնումից հետո։

ԱՄՆ-ն այն պետությունն է, որտեղ նախագահի ով լինելն էական ազդեցություն է ունենալու և՛ համաշխարհային անվտանգության, և՛ տնտեսության, և՛ քաղաքականության համար: Իսկ Հայաստանն էլ մի երկիր է, որը գտնվում է այդ ուղղությամբ զարգացումների խաչմերուկ հանդիսացող տարածաշրջանում՝ ներառյալ մի շարք կարևոր խնդիրներ: Եվ ի հավելումն սրա՝ նաև ռուս-ամերիկյան հարաբերությունների խնդիրը՝ նկատի ունենալով Ռուսաստանի հետ Հայաստանի սերտ շաղկապվածությունը կամ պարզապես ազդեցությունը Հայաստանի վրա:

Թրամփը այս տեսանկյունից ընկալվում է Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորելու կողմնակից, թեև ընդհանրապես ավելի ճիշտ է գոնե առայժմ եզրակացնել, որ արտաքին քաղաքականության առումով նա «մութ ձիուկ» է, որից առայժմ ոչինչ պարզ չէ:

Այսպիսով, այս իրավիճակը առաջացնում է հարցեր, թե ինչ փոփոխությունների կարող է ենթարկվել Թրամփի նախագահության ընթացքում ԱՄՆ արտաքին քաղաքականությունը ընդհանրապես, հարաբերությունները Ռուսաստանի հետ, Թուրքիայի հետ, վերաբերմունքը հայ-թուրքական հարաբերություններին, Ղարաբաղյան խնդրին: Եվ վերջապես՝ հայ-ամերիկյան հարաբերությունները:

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզը նախագահական ընտրություններից անմիջապես հետո հայտարարեց, որ անկախ ընտրությունից՝ ամերիկյան քաղաքականությունը հիմնական ուղղություններով կմնա անփոփոխ, և թերևս 20 տոկոսով միայն հնարավոր են փոփոխություններ, որոնք, սակայն, կասկածի տակ չեն դնի այն, որ Հայաստանը ԱՄՆ բարեկամն է և գործընկերը: Այդ հարցում որևէ բացասական փոփոխություն, ըստ դեսպանի, տեղի չի ունենա: Սա, իհարկե, այնքան էլ պարզապես լավատեսական ուղերձ չէ, քանի որ իսկապես պետք է նկատի առնել մի հանգամանք, որ ԱՄՆ-ը կայացած համակարգ է, համակարգային պետություն, որտեղ անձերը, բարեբախտաբար, քիչ բան են լուծում առանցքային զարգացումների իմաստով, գոնե առայժմ:

Եվ այս տեսանկյունից դեռ պետք է հասկանալ, թե համակարգը ինչպես կարձագանքի Թրամփի նախագահությանը, և ինչպես է Թրամփը հարաբերվելու համակարգի հետ: Ըստ էության, իշխանությունը՝ Սենատում, Կոնգրեսում և Սպիտակ տանն ամբողջության անցնում է հանրապետականներին, և դեռ պետք է հասկանալ, թե ինչպես են կառուցվելու հանրապետականների հետ նորընտիր նախագահ Թրամփի հարաբերությունները, որոնք ըստ էության հարթ չէին նախընտրական իրավիճակում:

Այլ կերպ ասած՝ որքան էլ խոսք է գնում նոր նախագահի մասին, այնուհանդերձ՝ կարող ենք գործ ունենալ նաև պարզապես հանրապետական կառավարման վերադարձի հետ: Եվ սա էլ իր հերթին առաջացնում է հարցեր այն կապակցությամբ, թե այդ վերադարձը որքանով կլինի, օրինակ, Բուշի գլխավորությամբ Հանրապետական կառավարման վերջին քաղաքականության շարունակություն, կամ ինչ փոփոխություններ եղած կլինեն այդ հարցում դեմոկրատական «ընդմիջման» ութ տարիների ընթացքում:

Այսպիսով պետք է արձանագրել, որ նախագահ Թրամփը իսկապես առաջիկայում կարող է առաջ բերել անորոշության բավականին տևական մի շրջան կամ առնվազն այդպիսի ռիսկ: Հայաստանը պետք է պատրաստ լինի դրան, այդ միջանկյալ շրջանում ժամանակավոր, գուցե, նոր մարտահրավերների աճին:

Սրան զուգահեռ, հարկ է անդրադառնալ նաև մի կարևոր գործոնի՝ ամերիկահայության գործոնին: Այստեղ, իհարկե, ամերիկահայություն ասվածը հարաբերական և բազմաշերտ իրականություն է, սակայն բոլոր դեպքերում անկասկած է, որ ԱՄՆ հայությունը պետք է ձեռնամուխ լինի Թրամփի վարչակազմում Հայաստանի պետական շահի և անվտանգության խնդիրների ձևակերպման ու մատուցման գործին, և շատ բան անկասկած կախված է հենց այդ հանգամանքից՝ հատկապես միջանկյալ հավանական ժամանակաշրջանում: