Դեկտեմբերի 17-ին Արաբկիր վարչական շրջանի Երազ թաղամասում բացվեց Ձմեռային այգի, որտեղ ներկա էին նաև քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու ԴԱՀԿ նախկին սկանդալային պետ Միհրան Պողոսանը: Քաղաքապետը գոհ էր մնացել ստացված արդյունքից և անգամ շնորհակալություն էր հայտնել պատասխանատուներին. «Վստահ եմ, այգին մեծ ուրախություն կպարգևի մեր երեխաներին: Ուզում եմ շնորհակալություն հայտնել ներդրողներին ու պատասխանատուներին, որ երևանցիների ու մայրաքաղաքի հյուրերի համար ստեղծել են այս չքնաղ միջավայրը»,- նշել է քաղաքապետը:

Թողնենք պարոն Տարոնին և անցնենք ամենահետաքրքիր մասին. ներդրողն, ըստ ամենայնի, նույն Երազ թաղամասի սեփականատեր Վահան Հարությունյանն է: Նա նաև չարենցավանցի հայտնի գործարար, «ՄԻԿՄԵՏԱԼ» ՓԲԸ գլխավոր տնօրեն, «ԱՍԿԵ Գրուպ»-ի հիմնադիրների խորհրդի անդամ է: Նրա հայրը՝ Միքայել Հարությունյանը, Սերժ Սարգսյանի մանկության ընկերն է, ինչպես նաև ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի քեռին (մորեղբայրը):

Մեր տեղեկությունների համաձայն, Վահան Հարությունյանը որոշել է մասնակցել 2017թ.-ի խորհրդարանական ընտրություններին թիվ 10 ընտրատարածքից: Պատահական չէ, որ գեղեցիկ ձմեռային այգի կառուցելու ջիղն արթնացավ, հենց 2017թ.-ի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ:


Վահան Հարությունյանը, արդեն վաղուց լծվել էր չարենցավանցիների սիրտը գրավելու գործին, իսկ հիմա անցել է Երևան քաղաքի բնակիչներին ու քաղաքապետին հաճոյանալուն: Ինչպես նախկինում տեղեկացրել ենք, նա դեռ պաշտոնապես չի հայտարարել ընտրություններին մասնակցելու մասին, բայց արդեն քայլեր է ձեռնարկում այս ուղղությամբ: Մասնավորապես նա փորձ է անում ընտրողներ ներգրավել տարբեր բարեգործական ակցիաների, նվերների միջոցով: Վահան Հարությունյանը նվերների հետ մեկտեղ ներառել է նաև իր նկարը՝ գրությունով: Նրա լուսանկարով պաստառը փակցված է նաև Չարենցավանի արվեստի դպրոցում:
Կարելի է փաստել, որ ձմեռային այգու բացումը ևս հանդիսանում է PR քայլ, սակայն Վահան Հարությունյանին պետք է խորհուրդ տալ հասարակության աչքին առանձնակի շատ չերևալ նման օդիոզային կերպերի հետ, ինչպիսին Քեթրինի Միհրանն է: Ինչպես այս տարվա ապրիլ ամսին գրել է Hetq.am-ը, ՀՀ նախկին գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանը խորը արմատներ է գցել օֆշորային գոտիներում։ Այնտեղ գրանցած ընկերությունների միջոցով բիզնես է արել, իր պաշտոնն օգտագործել է սեփական բիզնեսի զարգացման համար և թաքցրել է եկամուտները:
2017թ.-ին ՀՀ Ազգային ժողովում հնարավոր է հայտնվի նոր կերպար, ով կժառանգի սկանդալային ազգականի սկանդալային գործելաոճը: