Yelaket.am-ը գրում է.

«Ես իմ դուրը գալիս եմ՝ որպես տղամարդ, սիրում եմ իմ տեսակը և հպարտ եմ իմ ապրած կյանքի ձևի համար»: Այ այսպիսի սիրով է դեպի սեփական անձը լցված ԱԺ պատգամավոր, «Երդվյալ ազատամարտիկների միության» նախագահ Ռուբեն Գևորգյանը, նույն ինքը՝ Ծաղիկ Ռուբոն: Ռուբեն Գևորգյանը բացի 1990 – 1993 թթ. պաշտպանական մարտերին մասնակցելուն, ԱԺ ԲՀԿ պատգամավոր լինելուց նաև շատ ստեղծագործ անձնավորություն է, գրքերի հեղինակ: Ուսումնասիրելով նրա գործունեությունը հասկանում ենք, որ նա իսկապես մեծ սիրով է լցված դեպի սեփական անձը:

2012թ.-ին news. am-ի հետ զրույցում նա ինքն իրեն մեկնաբանել է հետևյալ կերպ. «Խորը ներս ունեցող, հոգում թախիծ և արցունք պարունակող, կյանքի դաժան և դառը փորձերով անցած, ուժեղ և հզոր մարդու մականուն, որը իմն է և որից երբեք չեմ հրաժարվի: Իմ բոլոր բանաստեղծությունների մեջ մտքերս ու խոհերս արտահայտել եմ ծաղկի միջոցով, այդտեղից էլ առաջացել է իմ մականունը»:

Ու կրկին ձոն առ ինքը. «Համեստությունս բարձրացրել է իմ արժանապատվությունը, պատիվս կյանքից առավել թանկ է, հանուն նրա կարելի է զոհաբերել կյանքը: Ես ազնիվ մարդ եմ, և իմ ազնիվ լինելը միշտ էլ անհանգստացրել է իմ հանդեպ չարով լցված ստախոսներին և խաբեբաներին: Շատ խղճով մարդ եմ, որի պատճառով մենության մեջ ես իմ դուրը գալիս եմ»:
Տեսնես նրա այս «հիանալի» հատկանիշները կօգնե՞ն պահպանել ԱԺ մանդատը: Ռուբեն Գևորգյանը ամենայն հավանականությամբ կառաջադրվի Դավթաշեն վարչական շրջանից, քանի որ դեռ 1996-1999 թթ. նա եղել է Դավթաշենի թաղապետ: 2017թ.-ի խորհրդարանկան ընտրություններում նա հավանական է կպայքարի «սեփական արյան» դեմ: Նրա եղբոր որդին՝ Արթուր Գևորգյանը, ամենայն հավանականությամբ նույնպես կառաջադրվի թիվ 2 ընտրատարածքից, սակայն որպես ՀՀԿ թեկնածու: Հետաքրքիր է, ընտրողները կհիշեն իրենց նախկին թաղապետին թե՞ նախընտրում են ավելի թարմ դեմքերի: Նույն ընտրատարածքում միմյանց հետ կմրցեն նաև Աղվան Հովսեփյանի եղբայր՝ Ռուբեն Հովսեփյանը, Գալուստ Սահակյանի որդի՝ Արման Սահակյանը, ՍԱՍ-ի Արտակը: Ծաղիկ Ռուբոյին կօգնեն իր այդչափ դրական հատկանիշները թե՞ ամեն դեպքում ֆինանսական ներդրում անելու կարիք կլինի:

Քանի որ խոսեցինք ֆինանսներից. Ռուբեն Գևորգյանը ԱԺ հնաբնակներից է և առանձնակի հետաքրքրություններ են ներկայացնում էթիկայի հանձնաժողով ներկայացրած նրա հայտարարագրերը: Չէ, չէ... սխալ հասկացաք. նրա հայտարարագրերը բացարձակապես դատարկ են: Կարևոր հանգամանք է նաև այն, որ դատարկ է անգամ նրա կնոջ՝ Ռիտա Գևորգյանի ներկայացրած հայտարարագիրը: Ուշագրավ է միայն նրա 2012թ.-ին պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը, որում պարոն Գևորգյանը նշել է «MERCEDES-BENZ» ավտոմեքենա և մի կլորիկ գումար որպես դրամական միջոց: Խոսքը գնում է 3 մլն ԱՄՆ դոլարի մասին, որը հետագայում՝ 2014թ. ու 2015թ. անհետացավ հայտարարագրից: Պատգամավորը որպես եկամուտ հայտարարագրերում նշել է միայն աշխատանքի վարձատրությունը, ինչը հաստատ բավարար չէ դոլարային միլիոնատեր դառնալու համար: Հարց է առաջանում՝ որտեղից եկավ և ուր գնաց այդ 3 մլն դոլարը:
Մի թքիր հոգուս մեջ, հոգիս թքաման չէ քեզ համար:
Այնտեղ աճում են ծաղիկներ` քեզ սիրող,
Սիրո մոմեր են վառվում քեզ համար
Մի թքիր, խնդրում եմ, թախիծ ու արցունք է իմ հոգում:
Հոգուս մեջ նստած ես հենց ինքդ,
Ինքդ քո վրա ես թքում:

Ծաղիկ Ռուբոյի բանաստեղծություններից է: Հավանաբար 2013թ.-ին դավթաշենցիները նրան էին դիմում՝ ասելով. «մի թքիր մեր այգու մեջ, այնտեղ ծաղիկներ են աճում»: Նրանք ի նկատի ունեին պատգամավորին պատկանող «Դեյզի» այգին, որի վերակառուցման ժամանակ Ծաղիկ Ռուբոյի թեթև ձեռքով հատվեցին բազմաթիվ ծառեր: Իսկ Ազատության հետ զրույցում նա իր բերանով ասել էր. «Էնտեղ բիզնես է դրվում և դրվում է ի նպաստ դավիթաշենցիների: 350 աշխատատեղ է լինելու, մանկական ֆունկցիոնալ կենտրոն է կառուցվում իրեն շրջապատող մշտադալար այգիով… դա այգի չէր, դա իմ սեփական տարածքն է եղել, պարազապես ժամանակին ես ծառերով եմ հագեցրել, դիմացի ծառերը պահպանվում են, իսկ հատված ծառերը փոխարինվում են մշտադալար, ավելի թանկարժեք ծառերով»: