ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի` 2016թ. նոյեմբերի 25-ի №333Ն որոշմամբ սահմանված՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ կողմից սպառողներին վաճառվող բնական գազի սակագների փոփոխության հետ կապված «Գազպրոմ Արմենիա»-ի գազիֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղերը (ԳԳՄ-ները) սկսել են բաժանորդների հետ փոխադարձ հաշվարկների ստուգման ակտերի կազմման գործընթացը: Այս մասին տեղեկացրին «Գազպրոմ Արմենիա»-ի հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի ծառայությունից:

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից սահմանված նոր սակագները ուժի մեջ են մտել 2017 թվականի հունվարի 1-ից:

Մատակարարի և բաժանորդի միջև փոխադարձ հաշվարկների ստուգման ակտերը կազմվում են բնական գազի նոր սակագնով ձևավորված պարտավորությունները նախորդից տարանջատելու նպատակով: Այսինքն՝ փոխադարձ հաշվարկների ստուգման ակտով ամրագրվում է 2017 թվականի հունվարի 1-ի դրությամբ սպառված բնական գազի ցուցմունքը՝ բաժանորդի առևտրային հաշվառքի սարքի տվյալներին համապատասխան: