2014 թվականի հունվարի 12-ին, Գյումրիում տեղի ունեցավ դաժան և ողբերգական սպանություն: Սպանվեց Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքը՝ Սերյոժա Ավետիսյան, Հասմիկ Ավետիսյան, Աիդա Ավետիսյան, Արմեն Ավետիսյանին, Արաքսյա Պողոսյանին, Հասմիկ Ավետիսյանին, իսկ ընտանիքի փոքրիկը՝ 6-ամսական Սերյոժան, ում համար աղոթում էր ողջ հայ ժողովուրդը, դեպքից օրեր անց հիվանդանոցում մահացավ:

Սահմռկեցուցիչ սպանություն կատարողը, ինչպես հետո դատական նիստի ժամանակ ապացուցվեց, Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովն էր, ով դատապարտվեց ցմահ ազատազրկման: Պերմյակովի ձերբակալությունը, հայկական կողմին հանձնելը՝ տեղի ունեցավ զանգվածային բողոքի ցույցերով: Գյումրին և ողջ Հայաստանը մեկ մարդու պես ոտքի էր կանգնել՝ պահանջելով ռուս զինծառայողին հանձնել Հայաստանին և այստեղ իրականացնել արդարադատություն: Բողոքի ցույցերի ընթացքում բերման ենթարկվեցին, ձերբակալվեցին տասնյակ քաղաքացիներ, բախումներ տեղի ունեցան ոստիկանության և ցուցարարների միջև:

Ի վերջո՝ դատական նիստերը տեղի ունեցան ռազմաբազայի տարածքում: Ռուս զինծառայողն իր նախնական ցուցմունքում հայտնել էր, որ պատահաբար է մտել Ավետիսյանների բնակարան, ջուր խմելու, և որպեսզի տան անդամները իրեն չնկատեն, սպանել է բոլորին: Այնուհետև դատական նիստերի ընթացքում Պերմյակովն ասել էր, թե որոշել էր ռազմաբազայից դիմել փախուստի, հայ-թուրքական սահմանով հեռանալ, իրեն գումար էր անհրաժեշտ և զենքով մտել էր Ավետիսյանների բնակարան: Պերմյակովն իր ցուցմունքներում հայտնել էր, որ միայնակ է եղել, ընտանիքի անդամներին մենակ է սպանել:

Աղմկահարույց այս գործով դատական նիստերն անցնում էին լարված մթնոլորտում: Ավետիսյանների հարազատները, անգամ փաստաբանները մինչ օրս էլ չեն հավատում սպանության վերը նշված վարկածին: Հարազատները տարբեր առիթներով հայտարարում են, որ սպանության իրական դրդապատճառը թաքցրել են, իրական մեղավորներին՝ կոծկել:

Գյումրեցի 7 հոգանոց ընտանիքի սպանությունից հետո Հայաստանում պաշտոնապես սգո օր չհայտարարվեց: Սակայն, ողջ հայ ժողովուրդը, Հայաստանում և աշխարհի տարբեր երկրներում հարգանքի տուրք մատուցեցին Ավետիսյանների հիշատակին՝ մինչև օրս էլ սպասելով ողբերգության իրական պատճառների բացահայտմանը:


Աղբյուրը՝ MediaMall.am