Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP) կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանին խորհրդարանի նախագահի հրահանգով արգելել են մասնակցել խորհրդարանական երեք նիստի՝ Հայոց ցեղասպանության մասին խոսելու համար։

Թուրքական Diken պարբերականի փոխանցմամբ՝ Թուրքիայի խորհրդարանում սահմանադրական փոփոխությունների քննարկումների ժամանակ ամբիոնի մոտ ելույթ ունեցող Կարո Փայլանն իր խոսքում հիշեցրել է 1915-ից 1923 թվականներին տեղի ունեցող ցեղասպանության մասին, ինչը խոստ վրդովեցրել է իշխող կուսակցության պատգամավորներին։

Փայլանը շարունակել է, թե մյուսներն ինչպես կուզեն թող ասեն, սակայն ինքն այդ ամենին ցեղասպանություն է անվանում, քանի որ բնակչության 40 տոկոսն են կազմել հայերը, իսկ հիմա հազարից մեկն են դարձել։

Ելույթից հետո խորհրդարանի մյուս երեք կուսակցությունների համատեղ հայտարարությունից հետո խորհրդարանի խոսնակը հայտնել է, որ որպես պատիժ Կարո Փայլանը երեք նիստի չի մասնակցի։