armtimes.com-ը գրում է. Հայաստանի տարածքում հաստատված անտիցիկլոնը չի շտապում հեռանալ: Այն հայկական լեռնաշխարհի վրա մի այնպիսի արգելափակող «օդային պատ» է ստեղծել, որը դժվարացնում է նույնիսկ այլ երկրներից ցիկլոնների ներթափանցումը: Այդ է պատճառը, որ առաջիկա 5 օրերին եւս Արարատյան դաշտում եւ Երեւանում չեն սպասվում ո՛չ տեղումներ, ո՛չ էլ արեւային եղանակ:

«Այսօր արեւը կարճատեւ երեւաց՝ 10 րոպե, նորից փակվեց: Հիմա ամբողջ Արարատյան դաշտը, Երեւանը նորից ամպամածության մեջ են: Ամպամածությունն ու մառախուղը առաջիկա 5 օրերին եւս կպահպանվեն, մի փոքր թուլացում հնարավոր է միայն ցերեկային ժամերին»,- կանխատեսումները մեզ հետ զրույցում ներկայացրեց «Հիդրոմետ» ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:
Հիշեցնելով, որ հունվարը տեղումնառատ ամիս էր կանխատեսվել՝ օդերեւութաբանը բացատրեց, թե որն է պատճառը, որ տեղումներ չեն գրանցվում:

«Այդ անտիցիկլոնը հայկական լեռնաշխարհի վրա «արգելափակում» է արել ու «օդային պատ» է ստեղծել: Բոլոր տեսակի տեղումնաբեր ցիկլոնները չեն կարողանում գալ Հայաստան, բեռնաթափվում են Թուրքիայի վրա: Այսինքն՝ մեր սպասած բոլոր տեղումները, հիմա թափվում են Թուրքիայի վրա ու չեն գալիս Հայաստան: Թուրքիայում բնակավայրեր կան, որ ձյան ծածկն արդեն 3 մետր է. աննախադեպ ձյան տեղումներ են գրանցվել ու այս պահին էլ դեռ տեղումները շարունակվում են»,- ասաց Սուրենյանը:
Անդրադառնալով Երեւանում սպասվող ջերմաստիճանին՝ օդերեւութաբանության կենտրոնի պետն ընդգծեց, որ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվելու. «Գիշերային ժամերին սպասվում է -12-14 աստիճան, ցերեկային ժամերին՝ -5-7 աստիճան ցուրտ»,- ընդգծեց նա:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում