Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր մեկնում է Մոսկվա, ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հրավերով: Այդ հրավերի մասին հայտնի դարձավ հունվարի 14-ին, Կարեն Կարապետյանի 100-օրյա պաշտոնավարման ամփոփիչ ասուլիսի հաջորդ օրը: Թե ինչքանով էր Մեդվեդևի հրավերը պայմանավորված այդ ասուլիսի ընթացքում հնչած հարցերով և պատասխաններով, որոնք բավական հակասական իրավիճակ բացահայտեցին Կարեն Կարապետյանի շուրջ, դժվար է ասել, սակայն ակնհայտ է, որ Կարեն Կարապետյանի մոսկովյան այցը, այսպես, թե այնպես, լինելու է Հայաստանի նախընտրական իրավիճակում ներիշխանական իրողությունների և զարգացումների համար կարևոր նշանակություն ունեցող այց:

Խնդիրը այն է, որ այդ այցի ընթացքում պարզ կլինի, թե Ռուսաստանն ինչպիսի վերաբերմունք է ցուցաբերում Կարեն Կարապետյանի հանդեպ: Այդ վերաբերմունքը պարզ կլինի կամ քաղաքական հայտարարությունների տեսքով, կամ՝ տնտեսական պայմանավորվածությունների: Եթե լինեն նման հայտարարություններ կամ պայմանավորվածություններ՝ սա, իհարկե, կլինի միարժեք աջակցություն Կարապետյանին: Եթե նման հայտարարություններ և կոնկրետ հեռանկարների շուրջ պայմանավորվածություններ չլինեն, ապա դա կնշանակի, որ Ռուսաստանի համար Կարեն Կարապետյանը հայաստանյան քաղաքական դաշտի, ներիշխանական համակարգի ֆիգուրներից մեկն է ընդամենը, որին չի տրվում որևէ առանձնակի նշանակություն: Այս հանգամանքը մեծ նշանակություն կունենա նախընտրական իրավիճակում ՀՀԿ-ի ներսում առկա իրադրության և ուժերի հարաբերակցության համար, նկատի ունենալով նաև այն, որ օրերս Ռուսաստանում է գտնվել նաև նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը, որը ՀՀԿ-ում նախընտրական շրջանում սեփական տեղն ու դերը հստակեցնելու խնդիր ունի:

Աբրահամյանը խոստովանել է, որ եղել է Ռուսաստանում, մտերիմի բիզնես հարցերով հանդիպել ՌԴ վարչապետ Մեդվեդևի հետ, սակայն լռել է այն մասին, թե արդյո՞ք քննարկել են նաև քաղաքական հարցեր: Սակայն ակնհայտ է, որ Հովիկ Աբրահամյանն իր քաղաքական տեղի և դերի խնդիրը պետք է լուծի բացառապես Կարեն Կարապետյանի տեղի և դերի հաշվին, քանի որ հենց այստեղ է Աբրահամյանի խնդիրը, իսկ դրանից ցածր հարցերը չեն լուծվում Ռուսաստանում:

Մյուս կողմից, այս դեպքում, իհարկե, հարց է առաջանում, թե ինչպես է վերաբերվում Աբրահամյանի նման փորձերին Սերժ Սարգսյանը: Նա ողջունո՞ւմ է Աբրահամյանի «վոյաժները» Ռուսաստան, թե՞ ոչ: Երբ Հովիկ Աբրահամյանը վարչապետ էր, Սերժ Սարգսյանը այդ «վոյաժներին» վերաբերում էր բավական աչալրջորեն և բավական անբարյացկամ: Ներկայումս իրավիճակը կարող է փոխված լինել, հատկապես նկատի ունենալով այն, որ Սերժ Սարգսյանն այդպիսով Հովիկ Աբրահամյանի «վոյաժները» կարող է օգտագործել իբրև մահակ Կարեն Կարապետյանի գլխին, հատկապես, որ Սարգսյանը կարիք ունի ձգված պահել Կարապետյանին: Մյուս կողմից, սակայն, եթե Ռուսաստանը Հովիկ Աբրահամյանի հետ քաղաքական հարցեր է քննարկում, ապա հազիվ թե այդ հարցերը լինեն ՀՀԿ-ում, այսպես ասած՝ երկրորդ տեղի կամ դերի հետ կապված:

Եթե Ռուսաստանը լսում է Աբրահամյանին կամ խոսում նրա հետ, ապա այդ ամենը առնչություն կարող է ունենալ միմիայն առաջին դերի հետ: Դա չի նշանակում, որ կքննարկվի այդ դերում անմիջապես Աբրահամյանին դիտարկելու հարցը, բայց, անկասկած, այդ քննարկումները կառնչվեն առաջին դերում Սերժ Սարգսյանի ճակատագրին և դրանում Հովիկ Աբրահամյանի որևէ դերակատարման, իսկ ահա թե ում համար՝ դա արդեն մյուս հարցն է: Այսպիսով՝ Կարեն Կարապետյանի մոսկովյան այցը այս առումով էլ կարող է շատ հարցերի պատասխան տալ կամ որոշակի լույս սփռել, հատկապես նաև այն խոսակցությունների ֆոնին, որ ուղեկցել են Կարապետյանի վարչապետ նշանակումը՝ կապված նրա Ռուսաստանից «պարտադրված» լինելու հետ: Եթե կա նման բան, ապա դա նշանակում է, որ Մեդվեդևը Կարեն Կարապետյանին ընդունելուց առաջ Հովիկ Աբրահամյանի հետ կարող էր հանդիպել միայն մի նպատակով՝ Կարեն Կարապետյանի ներիշխանական ճանապարհը ազատելու գործում հնարավոր օգտակարության, ինչը նշանակում է հենց Սերժ Սարգսյանի զսպում, Կարեն Կարապետյանին ազատ տարածություն տալու համար:

Մյուս կողմից՝ արդյո՞ք Ռուսաստանը կարող էր ունենալ այդ հարցում Հովիկ Աբրահամյանի աջակցության կարիքը, եթե Կարապետյանի նշանակումն իսկապես մոսկովյան «ծագում» ուներ: Ավելին, եթե այդպիսին էր նշանակման ծագումը, ապա հազիվ թե չորս ամիս անց Կարեն Կարապետյանը հրավիրվեր Մոսկվա: Ավելի հավանական կարող էր լինել Սերժ Սարգսյանին հրավիրելը, եթե Ռուսաստանը խնդիրներ տեսներ իր նշանակած վարչապետի գործունեության համար:

Միով բանիվ, Կարեն Կարապետյանի մոսկովյան այցի ընթացքում ամենևին չի որոշվում, թե՛ Հայաստանի բախտն ու ճակատագիրը, թե՛ ներիշխանական հարաբերությունների, թե՛ խորհրդարանական ընտրությունների և թե՛ անգամ Կարեն Կարապետյանի: Այս իմաստով՝ ճակատագրական ոչինչ տեղի չի ունենա այսօր, հայաստանյան իրականությունն ու նաև միջազգային իրադրությունն այսօր չափազանց բազմաշերտ են ճակատագրական մեկանգամյա հանգուցալուծումների ենթարկվելու և անգամ ենթակա լինելու համար: Սակայն, անկասկած է, որ այսօր Մոսկվայում տեղի ունենալիք հանդիպումների արդյունքում որոշակիորեն տեսանելի կլինեն ներհայաստանյան, ավելի շուտ ներիշխանական տնտեսական և քաղաքական զարգացումների որոշակի միտումներ:

Նյութի աղբյուրը՝ 1-in. am