Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն արձագանքել է հայտնի երգչուհի Մադոննայի՝ Սպիտակ տունը պայթեցնելու մասին սկանդալային հայտարարությանը՝ աստղին «զզվելի» անվանելով:

Ինչպես նշում է The Telegraph-ը, Fox հեռուստաալիքին տված հարցազրույցում ԱՄՆ 45-րդ նախագահը, մասնավորապես, ասել է. «Անկեղծ ասած՝ նա զզվելի է: Կարծում եմ, որ նա շատ վատ վիճակում է: Ես մտածել եմ նրա և ևս մի քանի հոգու մասին ու հանգել այն եզրակացությանը, որ նա խայտառակում է մեր երկիրը»:

Բրիտանական պարբերականը հիշեցնում է, որ Թրամփի երդմնակալության արարողության հաջորդ օրը կայացած բողոքի երթի ժամանակ Մադոննան հայտարարել էր, որ «սարսափելի կատաղության պատճառով պատրաստ է պայթեցնել Սպիտակ տունը»:

Ավելի ուշ համաշխարհային ճանաչում ունեցող աստղը պարզաբանել էր, որ ինքն ամենևին բռնության կոչ չի արել և որ իր խոսքերն ուղղակի հանել են ընդհանուր համատեքստից: