Պետական եկամուտների կոմիտեի դիտակետում ԵԱՏՄ երկրներից ներկրվող ապրանքների նկատմամբ հսկողությունն է:

Ինչպես հայտնում են ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, որոշ տնտեսվարողներ, օգտվելով ԵԱՏՄ երկիրներից ապրանքների ներմուծման գործընթացի ազատականացումից, սահմանին տարբեր հնարքներով փորձում են շրջանցել մաքսային հսկողությունը:

ՊԵԿ նախաբացթողումային հսկողության վարչությունն օրերս նմանատիպ դեպք է բացահայտել. ՀՀ քաղաքացին ՌԴ Վերին Լարս մաքսակետում հայտարարագրել է 22,5 տոննա պաստառ: Այնինչ, Բագրատաշենի մաքսակետում ՆՀՎ աշխատակիցները, «Rapiskan» ռենտգեն համակարգով զննելով բեռը, մաքսային կանոնների ակնհայտ խախտում են արձանագրել: Նրանց ուշադրությունից չի վրիպել նաև այն հանգամանքը, որ պաստառը փորձել էին տեղափոխել սառնարանային բեռնատարով: Զննման արդյունքում պարզվել է, որ քաղաքացին շինարարական պաստառի փոխարեն փորձել է սառեցված թռչնամիս ներկրել:

2016-2017 թվականների ընթացքում հայտնաբերվել է ԵԱՏՄ երկրներից տեղափոխվող բեռների վերաբերյալ մաքսային կանոնների խախտման 35 դեպք: Իրավախախտները հիմնականում փորձ են արել չհայտարարագրված կամ տարանցիկ սխալ հայտարարագրմամբ հանրապետություն ներկրել պարենային, տնտեսական ապրանքներ, կոսմետիկ միջոցներ, ավտոպահեստամասեր և այլն: Սակայն մաքսային իրավախախտումների բոլոր փորձերը կանխվել են: