YN.am-ը գրում է.

«Ardshinbank»-ի «Նուռ քարտ» վարկատեսակը իրավամբ կարելի է համարել ամենաեկամտաբեր ապրատնքատեսակներից մեկը: Սա կլիներ դրական ցուցանիշ, եթե վարկատեսակի թիրախային խումբը չլիներ երկրի ֆինանսապես և սոցիալապես խոցելի հատվածը:

Այս վարկատեսակն այնքան է աճել, որ դարձել է «բրենդային» և անգամ ունի առանձին կայքէջ: Ի վերջո, հայտնաբերելով վարկի տրամադրման պայմանները, վերլուծենք.
Օրինակ, ձեռք ենք բերել Nur Card Express վարկային գիծ՝ 200 000 դրամ:
• Քարտի սպասարկման ամսեկան վարձը կազմում է 600 դրամ, 12 ամսվա համար՝ 14 400 դրամ:

• Ամսեկան 2 տոկոս տոկոսավճար՝ 4000 դրամ, 24 ամսվա համար՝ 96 000 դրամ:
• Յուրաքանչյուր անգամ գումար կանխիկացնելիս բանկը գանձում է 3 տոկոս վճար, 200 հազ դրամից՝ 6000 դրամ:
• Ինչպես նաև հաճախորդը պարտավորվում է յուրաքանչյուր ամիս քարտի վրա մուտքագրել ամբողջ գումարի 10 տոկոսը, տվյալ դեպքում՝ 20 հազ դրամ, որը հաջորդ օրը հնարավոր է կանխիկացնել (տոկոսագումարը գանձվում է ավտոմատ), սակայն կանխիկացնելու համար անհրաժեշտ է կրկին անգամ 3 տոկոս վճարել, ամսեկան՝ 600 դրամ, 24 ամսվա դեպքում՝ 14 400 դրամ:
• Վարկային գծի ամսական սպասարկման վարձ՝ 1000 դրամ, 24 ամսվա համար՝ 24 հազ դրամ:
Պարզ հաշվարկի միջոցով պարզ է դառնում, որ հաճախորդը պարտավորվում է վճարել մայր գումարը՝ 200 հազ դրամ, գումարած 154 հազ դրամ՝ մայր գումարի գրեթե կրկնակին: Բանկի պաշտոնական կայքում նշվում է, որ փաստացի տոկոսադրույքը կարող է հասնել 46.6 տոկոս:

Քարտի վրա անդադար մուտ-ելք «խաղի» միջոցով բանկն իրականում մեծ եկամուտներ է ձևավորում: Բացի կանխիկացման վճարներից, բանկը կարող է նաև կուտակված գումարի միջոցով իրականացնել ռեպո գործարքներ և կրկին շահույթ ստանալ:
Ուսումնասիրենք նաև «Ardshinbank»-ի տարեկան հաշվետությունը. բանկը 2015թ.-ին ունեցել է մոտ 26.5 մլրդ զուտ տոկոսային եկամուտ, իսկ 2014թ.-ին՝ մոտ 16 մլրդ: Այսինքն բանկի զուտ տոկոսային եկամուտը մեկ տարվա մեջ աճել է 10 մլրդ դրամով: Բանկը նաև գրեթե 35 մլրդ դրամ վարկեր է տեղաբաշխել հաճախորդների շրջանում:
Որպես բանկի կողմից ֆինանսապես խոցելի խավին թիրախային խումբ ընտրելու հիմնավորում նշենք, որ վարկատեսակը տրամադրվում է աշխատանքի մշտական գրանցում և գրավադրվող գույք չունեցող հաճախորդներին:
Անդրադառնանք նաև Nur Card Express-ի բոնուսային cashback-ին. նշված վայրերում կատարած գնումների դիմաց գումարի մի մասը մշտապես հետ վերադարձնելու հնարավորություն՝ քարտային հաշվի վրա: Պարզ լեզվով ասած՝ կուտակվում են բոնուսային միավորներ, որոնք կարելի է օգտագործել: Սակայն, այս գործընթացը կասկածելի է և այս մասին խոսվել է մամուլում: «Հրապարակ»-ը դեռ 2011թ.-ին գրել էր հաճախորդի մասին, ով չէր կարողացել օգտվել իր բոնուսային միավորներից: