YN.am-ը գրում է.

Գագիկ Ծառուկյանի վերադարձի հիմնական նպատակն առկա «ընդդիմությանը» պարալիզացնելու մեջ է: Կարելի է պնդել, որ այսօր ՀՀ «եղած կամ չեղած» ընդդիմությունը գտնվում է խորը թմբիրի մեջ և սրա հիմնական պատճառը Գագիկ Ծառուկյանն ու իր դաշինքն են:
Վաղեմի խնամիները՝ Ծառուկյանն ու Աբրահամյանը, որոշել են իշխանության հետ շախմատային խաղի մեջ մտնել և ներխուժել են հակառակորդի, այս դեպքում ընդդիմության, խաղադաշտ: Խաղը դեռ չի ավարտվել, իսկ ընդդիմությունն արդեն պարտված է:

Ընդդիմությունից քիչ թե շատ կենդանության նշաններ է տալիս «Ելք» դաշինքը, որի մեջ մտնում են «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, «Հանրապետություն» կուսակցությունը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը:

«Ժառանգություն» կուսակցությունում ամենածանր վիճակն է: Ըստ տարբեր լուրերի, նրանց մոտ խժդժություններ ու տարաձայնություններ են: Կուսակցությունը չի կարողանում կենտրոնանալ մեկ հարցի շուրջ և ներկայանալ որպես միասնական մարմին: Հայաստանյան իրականության մեջ ամենաընդդիմադիր ուժը այժմ գտնվում է անհասկանալի իրավիճակի մեջ: Մի քանիսն անգամ Կուսակցությունը լքելու քայլեր են ձեռնարկում:
Արդեն հայտնի է, որ Սեյրան Օհանյանը, Վիկտոր Դալաքյանը և Վարդան Օսկանյանը մեկ դաշինք են ներկայացնելու: Դեռևս հստակ չէ, բայց ամենայն հավանականությամբ այս դաշինքին կմիանա նաև Ծառուկյան-Աբրահամյան բարեկամական խումբը: Լուրեր են շրջանառվում, որ անգամ «Ժառանգությունն» է նրանց հետ բանակցություններ վարում:

ՀՀ ընդդիմադիր ուժերը, այդպես էլ չկարողացան համախմբվել մեկ դաշինքի ներքո, բայց ինչպես տեսնում ենք, նրանք մեծ սիրով հավաքվում են նախկին իշխանականների շուրջը: Սրա վառ օրինակն է այսպես կոչված «քառյակը», որը փլուզվեց 2015թ.-ի փետրվարին: Իսկ միավորումն անպայման անհրաժեշտ է, քանի որ ոչ մի ընդդիմադիր ուժ այդքան կայացած և հզոր չէ, որպեսզի կարողանա միայնակ հաղթել:

Այս շախմատային խաղում Ծառուկյանը իշխանության ձին է, այն էլ ոչ հասարակ, այլ տրոյական: