Այս տարվա փետրվար ամսին էր, երբ ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նիստում հրապարակվեց «ԿոկաԿոլա» ընկերության հանդեպ հարուցված վարչական վարույթի արդյունքները:

Սա այն եզակի դեպքերից էր, որ այս կառույցը կատարեց իր «աշխատանքը»: Գերիշխող դիրքի չարաշահման համար ընկերության հանդեպ կիրառվեց 50 միլիոն դրամ տուգանք: Սակայն, ընկերությունը համաձայն չէր կայացրած որոշման հետ և անգամ դիմեց դատարան:

Yelaket.am-ը որոշեց ստուգել, թե ինչպիսի ազդեցություն է թողել ընկերության վրա կայացրած որոշումը: Մենք այցելեցինք «Դալմա Գարդեն Մոլ» զվարճաառևտրային համալիրի սննդի սպասարկման տարածք, որտեղ տեղի էր ունեցել առաջին դեպքը: Մենք կրկին ականատես եղանք Կոկա-Կոլայի արտադրանքին, սառնարաններին, պաստառներին և այլն: Այսինքն, գլխավոր մրցակից՝ «Պեպսի-կոլայի»-ի արտադրանքն ու սառնարանները բացակայում էին կամ էլ վաճառողները դրանք «թաքցրել» էին մեր և հաճախորդների աչքին անհաս վայրում: Միանշանակ կարելի է պնդել, որ տվյալ տարածքում «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ընկերությունը գերիշխող դիրք ուներ, իսկ դրա պատճառների մասին կխոսենք ավելի ուշ:

Բացի վերոնշյալը, Yelaket.am-ի հետ զրույցում Կոկա Կոլա-ի արդեն նախկին սպառողներից մեկը պատմեց. «Քիմիայի և շաքարի սարսափելի խառնուրդ: Շաքարավազի քանակությունը գերազանցում է թույլատրելի և տրամաբանական բոլոր նորմաները: Ժամանակակից երիտասարդների մոտ ճարպակալման ամենաառաջնային պատճառներից մեկը, քանի որ նրանք սովոր են այն լիտրերով կլանել: Այս աստիճան քաղցր ըմպելիքից կախվածությունը փչացնում է մարդու մարսողական համակարգի բոլոր ֆունկցիաները: Բնական սննդի փոխարեն (սպիտակուցներ, ճարպեր, ածխաջրեր) օգտագործում են միայն շաքար»:

Սպառողի խոսքով, ինքը հաճախակի է լինում արտասահմանում և բացի նշված վնասակար հատկությունները «հայկական» Կոկա-Կոլան տարբերվում է նաև համային հատկանիշներով: «Եթե այնտեղ, այդպիսի վնասակար ըմպելիք օգտագործելիս, գոնե համային բավարարվածություն ես ստանում, Հայաստանում անգամ դա չկա»,- մանրամասնեց նա:

Գուցե հենց սա է պատճառը, որ «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ընկերությունը, որը աշխարհահռչակ բրենդի ֆրանչայզային արտադրող և շշալցնողն է Հայաստանում, պարբերաբար մրցակիցներին դուրս մղելու քաղաքականություն վարում: