ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանի համար անհասկանալի է, թե ինչու են պատգամավորի թեկնածուների համար հայերենի թեստավորման դրույթ ներմուծել: Tert.am-ի հետ զրույցում Համլետ Հարությունյանն ասաց, որ հայերենի իմացության չափը պատգամավորական աշխատանքի հետ կապել պետք չէ, քանի որ ռուսական կրթություն ստացած մարդիկ էլ ոչ պակաս լավ կարող են օրենսդրական գործունեությամբ զբաղվել:

«Աշխարհում նման բան գոյություն չունի, որ պատգամավորը թեստ հանձնի: Ինչո՞ւ են կենտրոնացել հայերենի վրա: Բազմաթիվ այլ հատկանիշներ կան, որոնց պատգամավորը պետք է տիրապետի: Թող սկսեն կենսագրությունից: Միայն լեզու իմանալով հո չէ՞: Այդպես լինի, միայն բանասիրական գիտությունների թեկնածուները պիտի պատգամավոր դառնան»,- նշեց Հարությունյանը:

Հարցին, թե հայերեն գրագետ խոսել և գրել չպե՞տք է իմանան պատգամավորները, Հարությունյանը պատասխանեց, որ այլ բաղադրիչներ կան, որոնք ավելի կարևոր են: «Բազմաթիվ չափանիշներ կան. նրանց ապրած կյանքը, կենսագրությունը, մասնակցությունը ազատագրական պայքարին, անկախության գործընթացին, բարոյական կերպարը: Հակառակ դեպքում՝ հայերենի իմացությունն էլ չպիտի թեստավորեն: Միայն դա անելը՝ սխալ է»,- մանրամասնեց պատգամավորը:

Ինչ վերաբերում է տեսակետներին, թե առաջարկվող թեստերը շատ հեշտ են, բայց խորհրդարանում մարդիկ են, ովքեր այդ 2-3-րդ դասարանի թեստերն անցնել չեն կարող, Հարությունյանը չհամաձայնեց՝ նշեց. «Ռուս խոշորագույն պատմաբանները, անդրադառնալով Եկատերինա 2-րդի ռուսերենի իմացությանը, ասել են, թե մարդ, որը еще բառի մեջ չորս տառասխալ է անում, ավելին է արել ՌԴ համար, քան մնացած մյուս թագավորները: Հասկացեք, դա կարևոր չէ: Ես չեմ ասում, որ պետք չէ, բայց ռուսական կրթությամբ մարդը, որը հայերենից այդքան էլ լավ չէ, կարող է ավելի շատ բան անել… Հայերենը բարդ լեզու է, մաքուր հայերենին շատ քչերն են տիրապետում: Եվ հետո, հայրենասիրությունն էդքան էլ կապ չունի՝ տ կգրեն, դ, թե…»: