ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 2-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, քննարկվել են հայ-իրանական հարաբերություններին առնչվող մի շարք հարցեր և կարևորվել առևտրատնտեսական փոխգործակցության հետագա զարգացումն ու ընդլայնումը: Կողմերը համոզմունք են հայտնել, որ դրան էապես կնպաստեն Մեղրիում ազատ տնտեսական գոտու ստեղծման ու Հայաստանում «հալալ» սննդամթերքի գրասենյակ հիմնելու ծրագրերը: ՀՀ վարչապետը և Իրանի դեսպանն անդրադարձ են կատարել համատեղ ներդրումային ծրագրերի ընթացքին, էներգետիկայի, գյուղատնտեսության, զբոսաշրջության, ավիափոխադրումների, տեղեկատվական տեխնոլոգիաների և այլ ոլորտներում համագործակցության հետագա ընդլայնմանն ուղղված մի շարք հարցերի:
Կարեն Կարապետյանը և Սեյեդ Քազեմ Սաջադին ընդգծել են Հայաստանի ու Իրանի շահագրգռվածությունը բազմակողմ կապերի զարգացման ու էլ ավելի խորացման գործում: