YN.am-ը գրում է.

«Ելակետ» լրատվական կայքի հոդվածի և «Երևան Նյուզ» լրատվական կայքի գրավոր հարցման հիման վրա ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը վարչական վարույթ հարուցել: Ըստ ՏՄՊՊՀ աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար Հայկ Կարապետյանի կողմից ստորագրված գրության. «... YN/11 գրության հիման վրա Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով) իրականացրել է ուսումնասիրություն «Յուքոմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) կողմից առաջարկվող «U!TV Select» հեռուստատեսային ծառայության պայմանների վերաբերյալ ոչ լիարժեք տեղեկատվություն ներկայացնելը կարող է հանգեցնել հասարակության մոլորեցման՝ անբարեխիղճ մրցակցության գործողության: Այդ կապակցությամբ, Հանձնաժողովը Ընկերության նկատմամբ հարուցել է վարչական վարույթ»:

«Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի հոդված 18-ի (Հանձնաժողովի խնդիրները և գործառույթները) 1-ին մաս «գ» կետի. «1. Հանձնաժողովի խնդիրներն են`... գ) հակամրցակցային գործունեության կանխարգելումը, սահմանափակումը և նախազգուշացումը.

Ըստ նույն օրենքի հոդված 19-ի (Հանձնաժողովի լիազորությունները) 1-ին մասի «զ» կետի. «1. Հանձնաժողովն իրավունք ունի՝ ... զ) տալու նախազգուշացում` խախտումները շտկելու և (կամ) հետագայում բացառելու հանձնարարությամբ, նշանակելու տուգանք` խախտումները շտկելու և (կամ) հետագայում բացառելու և տուգանքը վճարելու հանձնարարությամբ` սահմանելով հանձնարարության կատարման ժամկետ»:
Հոդված 31-ի 1-ին մասը վկայում է. «1. Սույն օրենքի խախտման դեպքում Հանձնաժողովն իրավասու է իր որոշմամբ տալու նախազգուշացում կամ նշանակելու տուգանք»:
Նույն օրենքի հոդված 30-ի (Աշխատանքների կազմակերպման կարգը) 10-րդ մասում ասվում է. «10. Հանձնաժողովի կողմից վարչական վարույթի իրականացման առավելագույն ժամկետը 90 օր է»:
Մենք խոստանում ենք լինել հետևողական և ընթերցողին ներկայացնել ՏՄՊՊՀ վարչական վարույթի արդյունքը:

Նշենք, որ խոսքը գնում է «... U!TV Select փաթեթի հետ Դուք ստանում եք 42+10HD հիմնական հեռուստաալիքներ և հնարավորություն ընտրելու հավելյալ ալիքներ, որոնց ամսավճարը կազմում է 80-1200 դրամ: Ընտրված ալիքների գումարային արժեքը պետք է կազմի առնվազն 1500 դրամ»:
Սակայն, ծառայությունից օգտվելու ցանկություն հայտնած սպառողները այլ պատասխան են ստանում: Պարզվում է, որ հավելյալ 1500 դրամ արժողությամբ հեռուստաալիքների ձեռքբերումը պարտադիր է: Ստացվում է՝ ծառայությունն արժե ոչ թե 2500 դրամ, այլ 4000 դրամ: