YN.am (ԵրևանՆյուզ)-ը գրում է.

Պարզվում է պատգամավոր Ռուբեն Գևորգյանին դուր չեն գալիս «խայտաբղետ» վիճակները, այն աստիճան, որ ինքն անգամ որոշել է լքել իր «հարազատ» կուսակցությունը: Ըստ Ծաղիկ Ռուբոյի խոսքերի, ինքը շատ է պայքարել ԲՀԿ-ի համար, անգամ, երբ շատերը հեռացել են, բայց հիմա... երբ ԲՀԿ-ում արդեն «խայտաբղետ» վիճակներ են: Հուսով ենք միայն, որ պարոն Ռուբենյանի կողմից նշված «խայտաբղետ» վիճակները կապ չունեն «երկնագույնների, վարդագույնների և այլ գույների» մարդկանց հետ։

Ծաղիկ Ռուբոն ԱԺ քառօրյայի 2-րդ օրը լրագրողների հետ զրույցում ասել է, որ այժմ ոչ հրավեր ունի ՀՀԿ-ից, ոչ էլ ինքն է առաջարկ արել: Բայց պարոն Ռուբենյանն արդեն հավանաբար լծված է ՀՀԿ-ում իր համար հարմարավետ տեղ գտնելու գործին: Արդեն ԲՀԿ-ն լքելուց օրեր անց նա հարմար առիթ ունեցավ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպելու:

Օրերս, երբ նախագահը պաշտոնական այցով գտնվում էր Դավթաշեն վարչական շրջանում հիմնված «Ռիբոկ» սպորտային ակումբում, նրա հետ էին նաև դավթաշենցիների ձայնով պատգամավորական մանդատ ստացած երկու պատգամավորներ՝ Ռուբեն Գևորգյանն ու Խաչիկ Խաչատրյանը: Դե Ծաղիկ Ռուբոն հնաբնակ դավթաշենցի է. եղել է Դավիթաշենի տարածքային կազմակերպության նախագահ, մինչև 1999թ.-ը՝ Դավիթաշեն համայնքի ղեկավար, այնտեղ իրականացրել է բազմաթիվ ծառահատումներ, որոնց փոխարեն կառուցել է բիզնեսներ: Մի խոսքով, հասկացաք: Իսկ պատգամավոր Խաչիկ Խաչատրյանը ՀՀԿ-ական պատգամավոր է, նույնպես բիզնեսմեն: Նա հանդիսանում է «X–գրուպ»-ի նախագահ, «Երևանի թռչնաբուծական ֆաբրիկա»-ի և «Ջրաշխարհի» սեփականատեր:

Ամենայն հավանականությամբ, ԲՀԿ-ից հեռանալուց հետո Ռուբեն Գևորգյանը հանդիպում է փնտրել «դաբրո» ստանալու համար և գտել է այն:
Ի դեպ, Ծաղիկ Ռուբոն նախքան ԲՀԿ-անդամ լինելը, եղել է ՀՀԿ անդամ, սակայն այնտեղից նրան հեռացրել են: Պատճառների մասին վերջինս չի մանրամասնում՝ ասելով միայն. «Ինձ ՀՀԿ-ից հեռացրին Վազգեն Սարգսյանի մահից հետո»: Ամենակարևորը, Ռուբեն Գևորգյանը լրագրողների հետ զրույցում պարտադիր ասել է՝ «ՀՀԿ-ն ինձ շատ հոգեհարազատ կուսակցություն է»: Փորձել է խոսքը հասցնել ում որ պետք է:
Ծաղիկ Ռուբոյի այս վազվզոցը տեսնելուց հետո ակամայից մտքիդ է գալիս մի առիթով նրա մասին ասված հայտնի խոսքը՝ «Ծաղիկ Ռուբո, քեզ ամբողջ Հայաստանը գիտի որպես ֆուֆլոյի»: