Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման օդային գծի եւ ենթակայանների կառուցման ծրագրի իրականացման կապալառու կազմակերպությունների ընտրության նպատակով հայտարարված միջազգային մրցույթին մասնակցելու հայտ են ներկայացրել ութ ընկերություն եւ մեկ կոնսորցիում։ Դրանք տարբեր երկրներ ներկայացնող հայտնի ընկերություններ են։

Այրումում տեղակայվող բարձր լարման հաստատուն հոսանքի փոխակերպիչ կայանի եւ ենթակայանների կառուցման համար դիմել են չինական Sinohydro corporation, գերմանական՝ Siemens AG ընկերությունները եւ շվեդա-իսպանական՝ ABB AB-COBRA կոնսորցիումը։

Էլեկտրահաղորդման օդային գծի կառուցման հայտատուների թիվը վեցն է. Դրանք են՝ Sinohydro Corporation LTD (Չինաստան), Isolux Ingeneria (Իսպանիա), Dalekovod JSC (Խորվաթիա), ՕՕՕ Kaskad-Energo (ՌԴ)՜ KEC International limited (Հնդկաստան) եւ Kaplataru Power Transmission limited (Հնդկաստան) ընկերությունները:

Մրցույթի հաղթողները կորոշվեն ներկայացված փաթեթների ուսումնասիրությունից հետո։

Հիշեցնենք, որ Գերմանիայի զարգացման վարկերի բանկի աջակցությամբ Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման օդային գծի եւ ենթակայանների կառուցման ծրագրի իրականացման նպատակն է միացնել հայկական եւ վրացական էլեկտրաէներգետիկական համակարգերը։ Ըստ այդմ, երկու երկրների միջեւ էլեկտրաէներգիայի փոխանակման հզորությունը ներկայիս 200 ՄՎտ-ից առաջին փուլում կհասնի 350 ՄՎտ-ի, երկրորդում՝ 700 ՄՎտ-ի, իսկ վերջնական փուլում` ելնելով շուկայի եւ տարածաշրջանային համագործակցության պահանջներից՝ 1050 ՄՎտ-ի: Ծրագրի արդյունքում Հայաստանի եւ Վրաստանի էներգահամակարգերը հնարավորություն կստանան աշխատել ասինխրոն ռեժիմում։ Էլեկտրահաղորդման օդային գծի կառուցմամբ կխթանվի էներգետիկայի բնագավառում տարածաշրջանային հյուսիս-հարավ՝ Ռուսաստան-Վրաստան-Հայաստան-Իրան փոխշահավետ համագործակցության զարգացումը:

Առաջին փուլի իրականացման նպատակով ներգրավվել են շուրջ 188 մլն եվրոյի վարկային եւ դրամաշնորհային միջոցներ։ Շինարարությունը նախատեսվում է մեկնարկել այս տարի։