Թուրքիայի տրանսպորտի նախարար Ահմեդ Արսլանը, խոսելով Կարսի զարգացման և առևտրատնտեսական տեսանկյունից Թուրքիայի համար ունեցած նշանակության մասին, անդրադարձել է նաև Հայաստան-Թուրքիա փակ սահմանին:

Ինչպես գրում է թուրքական «Միլլիյեթ» պարբերականը՝ Արսլանն ափսոսանք է հայտնել հայ-թուրքական սահմանի փակ լինելու պատճառով, սակայն հայտարարել է, որ դրա բացումը հնարավոր է միմիայն Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումից հետո:

«Ցավոք, Թուրքիա-Հայաստան սահմանը փակ է: Երանի փակ չլիներ: Սակայն դա էլ իր պայմանն ունի՝ եթե Հայաստանն Ադրբեջանի հետ իր հարաբերությունները կարգավորի՝ մենք էլ սահմանը կբացենք», - ասել է թուրք նախարարը՝ նշելով, որ բաց սահմանների պարագայում Կարսը կարող է դառնալ տարածաշրջանային մի շարք առևտրային ճանապարհների հատման վայր: