Կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանը գտնում է, որ Հայաստան-Սփյուռք երկխոսությունը վերսկսելու համար խորհրդարանական ընտրություններին դիտորդական առաքելությունը շատ լավ հնարավորություն է:

Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով քննադատություններին, որ Սփյուռքը Հայաստանի ծանր պայմաններում չի ապրում, հետևաբար՝ չպետք է քաղաքական հարցերին մասնակցություն ունենա, նա հարց հնչեցրեց՝ ինչո՞ւ չպետք է Սփյուռքը հետաքրքրվի այդ ծանր պայմաններով:

«Եթե 25 տարվա ընթացքում մեր մասնակցությունն ընդունվեց նյութական ձևով, այդ ժամանա՞կ էլ պետք է ասեին, որ Սփյուռքը չպետք է այդ օժանդակություններն ուղարկի: Երբ որ Սփյուռքից մասնակցեցին Արցախի պատերազմին, ինչո՞ւ չասվեց, որ այստեղ չես ապրում, ի՞նչ իրավունքով ես գալիս ու պայքարում. այս պատճառաբանությունը տկար է: Շատ նորմալ է, որ հայությունն ապրի իր իրողության մեջ և օգտագործի Սփյուռքի լծակները, որովհետև մենք կարող ենք ուշադրություն գրավել, Հայաստանի ինքն իրենով չի կարող բացարձակ ոչ մի ձևով որևէ ուշադրություն գրավել»,-ասաց նա:

Արսինե Խանջյանը նշեց, որ Սփյուռքի մասնակցությունն այս պահին նորություն չէ: «Շատերը եկան 25 տարվա ընթացքում, դարձան քաղաքացի և մասնակցեցին քաղաքական վերադասավորումներին, շատերը կարող են այդ օրինակով քաջալերվել՝ հատկապես երիտասարդները, ովքեր Հայաստանում ծնվել են և հետո սփյուռքացել են: Այդ Սփյուռքն էլ սփյուռք է, և հստակ իրավունքով կարող են վերադառնալ հայրենիք և գործունեություն իրականացնել: Ես դա քաջալերում եմ, արտասահմանում ուսում ստանալը և արտասահմանում մնալը ցավալի իրողություն է, և կարելի է փոփոխություններ անել և աշխատանք տանել Հայաստանի մեջ, այդ թվում՝ քաղաքական առումով: Իսկ երբ խոսում ենք հին Սփյուռքի մասին, որ կցանկանան վերադառնալ, Հայաստանում ապրել և մասնակցել հետագայում նաև քաղաքական հարցերին, որևէ հարց ես չեմ տեսնում»,-ասաց նա:

Արսինե Խանջյանը նշեց, որ ուրախ կլինի, եթե նոր որակի իրողություն լինի: «Դժբախտաբար Սփյուռքի նախարարության ստեղծվելուց հետո, Սփյուռքի մասնակցությունը շատ ավելի նեղ միջոցառումներով սահմանափակվեց: Ես այն տպավորությունն ունեմ, որ իշխանության համար հավանաբար դյուրին ձև էր, որ դասավորեր Սփյուռքի մասնակցությունը, և Սփյուռքը որոշ կետերից այն կողմ որևէ ձևով մասնակից չկարողանա լինել»,-ասաց նա:

Դերասանուհին, ասաց, որ իրենք դիտորդական առաքելություն կատարելիս բացարձակ չեն քարոզի, թե որ կուսակցությանը պետք է ընտրել, բայց կասեն՝ «ազատ քվե տուր» և «փոփոխության համար քվե տուր»:

«Մինչ հիմա Սփյուռքն իր տրադիցիոն մոտեցումներով ոչ իրավունք ուներ, ոչ էլ իրեն տված էր այդ ինքնավստահությունը, որ մասնակից դառնա այսպիսի գործընթացների: Ես կարծում եմ, որ Սփյուռքի նախարարությունը որոշ ձևով ծառայեց հետաքրքրական ձևով, բայց որոշ առումով դարձավ նաև խոչընդոտ»,-ասաց նա և նշեց, որ Սփյուռքի նախարարությունը մինչ հիմա փորձում է համակարգել Սփյուռքին և որոշում, թե ինչ ձևով պետք է մասնակցի։

«Հայաստանում երբեմն Սփյուռքի վրա ծիծաղելով կասեք, որ ձեզ համար այնքան կարևոր է շքանշան ընդունելը և նկարվելը մեր իշխանության անդամների հետ, որ կգաք այստեղ և բացարձակ Հայաստանով չեք հետաքրքրվի: Բայց ասեմ, որ նաև նախարարությունը բացարձակապես առիթ չտվեց, որ սփյուռքը տարբեր ձևով մասնակից դառնա Հայաստանի կյանքին, և այդ երկկողմանի հարաբերությունը դարձավ մի քիչ խամաճիկային հարաբերություն: Մենք 25 տարվա ընթացքում նույնիսկ Սփյուռքի նախարարության առկայությամբ չկարողացանք գեղեցիկ, համակերպ հարաբերություն ստեղծել Սփյուռքի և Հայաստանի միջև»,-ասաց նա:

Արսինե Խանջյանը նկատեց, որ հենց սկզբից իշխանության կողմից առաջին հերթին Սփյուռքի հանդեպ անդրադարձ եղավ, որ «Սփյո՛ւռք, դու հեռու մնա քաղաքական հարցերից, մի՛ խառնվիր»: Նա նշեց, որ Սփյուռքը փորձեց տարբեր ձևերով մոտենալ Հայաստանին, բիզնես ծրագրեր իրականացնել, սակայն շատ խախտումներ եղան և հուսախաբ եղավ:

Նրա խոսքով՝ Հայաստան-Սփյուռք հարաբերությունները բարդ են, տարիների ընթացքում ավելի բարդացան, երևույթներն ավելի ծանրացան։

«Ես կարծում եմ, որ այսօր պահն է, որ Հայաստան-Սփյուռք դիալոգը, հարաբերությունը վերսկսեն այսպիսի միջոցառումներով, քանի որ դիտորդական առաքելությունը քաղաքական նախաձեռնություն չէ, այլ քաղաքացիական է»,-ասաց նա:

Արսինե Խանջյանը նշեց, որ Սփյուռքն իրավունք ունի մտահոգվել Հայաստանի համար և Հայաստանն էլ պետք է մտածի՝ ինչպես կարող է տարբեր ծրագրեր իրականացնել Սփյուռքի հետ, քանի որ վերջինս ունի այդ պոտենցիալը, և Սփյուռքի շահը միայն հայրենիքի պայմանները բարելավելն է:

Նա նշեց, որ Հայաստանի նկատմամբ այսօր ոչ մի երկրի կողմից ուշադրություն չկա:

«Աշխարհի չորս կողմերում ոչ մի երկիր հետաքրքրված չէ Հայաստանով՝ ո՛չ տնտեսական, ո՛չ տուրիստական, ո՛չ մշակութային առումով: Իսկապես, Հայաստանը գոյություն չունի ոչ մի երկրի համար, ոչ մի մտահոգություն չի ներկայացնում։ Միակ մտահոգվողը, որը կարող է ուշադրություն բերել և տալ Հայաստանին ինչ-որ կարելի է, դա Սփյուռքն է, չանտեսենք Սփյուռքը»,-հավելեց նա: