«Սասնա ծռեր» խմբին օժանդակելու մեջ մեղադրվող Արթուր Սարգսյանը' «Հաց բերողը», որը փետրվարի 10-ից հացադուլի մեջ է, առ այսօր որեւէ դեղամիջոց չի ընդունել իր հիվանդությունների հետ կապված: Այս մասին հայտարարություն են տարածել նրա պաշտպաններ Դավիթ Գյուրջյանը, Տիգրան Եգորյանն ու Վահե Գրիգորյանը:
«Փետրվարի 10-ից առ այսօր Արթուր Սարգսյանը հացադուլի մեջ է: Այս ամբողջ ընթացքում նա չի ընդունել որևէ դեղամիջոց իր հիվանդությունների հետ կապված, այդ թվում՝ ցավազրկող դեղամիջոցներ, ինչը պայմանավորված է հացադուլով. ընդունելու դեպքում դեղամիջոցները էլ ավելի կվատթարացնեն նրա առողջական վիճակը՝ հատկապես կապված աղեստամոքսային համակարգի խնդիրների հետ: Այս ողջ ընթացքում Սարգսյանի առողջական վիճակը վատթարանում է, նրա մոտ առկա են ցավեր ողնաշարի և ոտքերի հատվածում (պայմանավորված Բեխտերևի հիվանդությամբ), աչքերի ցավեր լույսից, որովայնի ցավեր: Վերջին 10 օրվա ընթացքում նաև արցունքակալում են Արթուր Սարգսյանի աչքերը, նա ունենում է գլխապտույտներ:
Փետրվարի 15-ից սկսած՝ Արթուր Սարգսյանի մոտ մի ժամանակ առ ժամանակ լինում են արյունային փսխումներ, հատկապես փետրվարի 23-ին դրանք օրվա ընթացքում կրկնվել են մի քանի անգամ և եղել են մեծածավալ:
Փետրվարի 25-ից սկսած՝ ֆիզիկական հյուծվածության հետևանքով Արթուր Սարգսյանն այլևս չի կարողանում քայլել անգամ բնական կարիքները հոգալու համար: Նրա մոտ այտուցվել է աջ ոտքի ծունկը, ինչի պատճառը հայտնի չէ, չնայած այդ կապակցությամբ հերթապահ բժիշկը զննել է ոտքը: Ֆիզիկական հյուծվածությունը արդեն այն աստիճան է որ էապես դժվարացնում է նաև խոսելու հնարավորությունը՝ ձայնը գրեթե լսելի չէ»,- ասվում է փաստաբանների տարածած հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ Արթուր Սարգսյանի խափանման միջոցը փետրվարի 9-ին փոխվել է, նա կալանավորվել է: