«Պանարմենիան Մեդիա Գրուպ»-ի կողմից օրերս պարզաբանում հրապարակվեց այն մասին, թե որոշ անձինք երեխաներ են փնտրում` իբր «Արմենիա» ԹիՎի-ի հեռուստանախագծերի համար։ Պարզաբանման մեջ, մասնավորապես, նշվում էր․ «Սիրելի՛ ծնողներ, մենք զանգեր ենք ստանում, որ որոշ անձինք, Նոր-Նորքում դռներ թակելով, երեխաներ են փնտրում` իբր «Արմենիա» ԹիՎի-ի հեռուստանախագծերի համար:

Հեռուստաընկերությունը զգուշացնում է, որ երբեք այդպիսի գործունեությամբ չի զբաղվել, և որ այդ անձինք «Արմենիա» ԹիՎի-ի հետ որևէ առնչություն չունեն։ «Արմենիա» հեռուստաընկերությունը երբեւէ նման միջոցներով իր նախագծերի համար դերակատարներ չի ընտրել: Մենք գործակցում ենք միայն պրոֆեսիոնալ քասթինգ ընկերությունների հետ: Զգո՛ն եղեք և նման դեպքերում դիմեք ոստիկանություն»:

Դիմեցինք ոստիկանություն ոչ թե ահազանգելու, այլ ահազանգի հետքերով գնալու համար։ Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչությունից մեզ հայտնեցին, որ սույն դեպքով պայմանավորված ոչ մի ահազանգ չեն ստացել։ «Պանարմենիան Մեդիա Գրուպի տարածած հայտարարությամբ որևէ ահազանգ, հաղորդում չենք ստացել»։

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակչուհիներից մեկը, ով չցանկացավ հրապարակել անունը, մեզ հետ զրույցում նշեց, որ մարտի 7-ին իրենց բնակարան են այցելել մի քանի հոգի, ներկայացել Արմենիա TV-ի անունից և հարցրել, թե արդյոք նախադպրոցական տարիքի երեխաներ կա՞ն տանը։ «Ամսի 7-ն էր, ժամը 18։00 կամ մի քիչ ավել։ Դուռը զանգեցին, հարցրի՝ ո՞վ է, շատ բարեհամբույր ձայնով պատասխանեց, թե «Արմենիա TV-ից» ենք, երեխաներ ունե՞ք, ասեցի՝ այո։ Թե TV-ին տեսանյութ է պատրաստում, մինչև նախադպրոցական տարիքի երեխաներ ենք փնտրում։ Ասեցի՝ մի րոպե սպասեք, զանգեմ հեռուստաընկերություն, նոր կբացեմ։ Մինչև զանգեցի, հետ եկա, գնացել էին»։

-Իսկ քանի՞ հոգի էին, ի՞նչ սեռի։

-Քանի որ «գլազոկ» չունեմ, հաստատ չեմ կարող ասել՝ քանի հոգի էին, բայց 2-ը հաստատ էին։ Ձայնից ինձ թվաց, որ երիտասարդներ էին։

-Ինչո՞ւ ոստիկանություն չդիմեցիք։

-Եսիմ, էդ պահին զանգեցի հեռուստաընկերություն, ասեցին՝ տենց բան չկա, ամուսինս էլ էստեղ չէր, վախեցա զանգեմ ոստիկանություն։

-Իսկ Ձեր շրջապատում կա՞ն այնպիսի մարդիկ, որոնց տուն ևս այցելել են։

-Ես շենքում հարցրի մի քանի հոգու, ով երեխա ուներ, ասեցին՝ տեղյակ չեն, իրենց տուն չեն գնացել։ Բայց ֆեյսբուքի խմբերից մեկում գրել էին մի քանի հոգի էլի։

Կապ հաստատեցինք նաև «Պանարմենիան Մեդիա Գրուպ»-ի  PR բաժնի հետ, որտեղ մեր հարցմանն ի պատասխան նշեցին, որ զանգեր ստացել են մարտի 7-ին և հիմնականում Նոր-Նորք վարչական շրջանում բնակվող ծնողներից: Զանգերից անմիջապես հետո այդ մասին տեղեկացրել են իրավապահ մարմիններին և հրապարակել զգուշացումը:

Վով Մուշեղյան

Նյութի աղբյուրը ` hraparak.am