«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Խորհրդարանական ընտրությունների քրոզարշավը նոր նոր է սկսում հունի մեջ մտնել, բայց արդեն բազմաթիվ սոցիոլոգիական հարցումներ են հրապարակվել, թե որ կուսակցությունն ու դաշինքը որքան շանս ունեն:

Հայաստանում նախընտրական շրջանում անցկացվող այդ հարցումները, որպես կանոն, հավատ չեն ներշնչում, համարվում են ընտրակեղծարար իշխանությունների տրամադրությունների ինդիկատոր:

Այս ընթացքում ամենատարբեր կազմակերպությունների հրապարակված հարցումների արդյունքներով առաջին եռյակն անփոփոխ է`«Ծառուկյան» դաշինք, ՀՀԿ, «Ելք» դաշինք:

Հասարակական կարծիքի ուսումնասիրության համառուսաստանյան կենտրոնի (ВЦИОМ) տնօրեն Վալերի Ֆյոդորովը երեկ ասուլիսում ներկայացրել էր, ըստ իրենց ուսումնասիրությունների, ինչպիսին կլիներ ընտրությունների պատկերը, եթե դրանք կայանային առաջիկա կիրակի: Ըստ այդմ`«Ծառուկյան» դաշինքը կստանար 26,4 տոկոս ձայն, ՀՀԿ-ն` 22,8 տոկոս, «Ելք» դաշինքը`4.3 տոկոս:

«Ազատության» եթերում Փաշինյանն ասաց, որ նույն կենտրոնի իր աղբյուրների նշած թիվը առնվազն երեք անգամ մեծ է հրապարակվածից: Այսինքն «Ելք» դաշինքը այս պահին 14 տոկոս ձայն ունի:

Առաջին հայացքից, տարօրինակ է, որ սոցիոլոգիական հարցումների հրապարակային արդյունքներով առաջատարը «Ծառուկյան» դաշինքն է, և ոչ` ՀՀԿ-ն: Սակայն, Գագիկ Ծառուկյանի վերադարձը քաղաքականություն, ինչպես առիթ ունեցել ենք գրելու, ուղղակիորեն կապված էր Հայաստանի քաղաքական կյանք վարչապետ Կարեն Կարապետյանի մուտքով: Ծառուկյանը պետք է իշխանությունների ձեռքում գործիք դառնար Կարեն Կարապետյանին զսպելու, նրա հնարավոր քաղաքական ծրագրերն ու հավակնությունները հակակշռելու համար: Կոնկրետ այս փուլում Ծառուկյանի միջոցով Կարեն Կարապետյանին թույլ չի տրվում շատ ոգևորվել իր 80 տոկոս վարկանիշով:

Կարապետյանին «ռամկաների» մեջ պահելն իհարկե կարևոր է, բայց նախընտրական շրջանում նման թվեր հրապարակելը կարող էր նաև ռիսկային լինել: Ամեն դեպքում քաղաքական ուժը, տեսնելով, որ առաջատար դիրքերում է, կարող է ձգտել քվեարկության արդյունքներով նույնպես գրավել այդ դիրքը և հաջորդ իշխանությունը ձևավորել:

Հնարավոր է, բայց ոչ Ծառուկյանի դեպքում: Ծառուկյանին հիմա կտտանքների էլ ենթարկեն Սերժ Սարգսյանի դեմ դուրս չի գա: Եվ դա լավագույնս երևաց Լոռվա մարզում այսօրվա նախընտրական հանրահավաքի դրվագով, երբ քաղաքացիներից մեկը քիչ էր մնում Սերժ Սարգսյանին քննադատեր, բայց Ծառուկյանը ժամանակին կանխեց:

Փորձենք այնուամենայնիվ պատկերացնել, թե ինչ կլիներ, եթե Գագիկ Ծառուկյանը այս ընտրություններից առաջ չվերադառնար քաղաքականություն: Շատ բան չէ, ընդամենը «Ելք» դաշինքը քարոզարշավի սկզբում կհայտնվեր երկրորդ տեղում` մինչև քարոզչության ավարտը առաջին հորիզոնականը գրավելու ռեալ հեռանկարով: Ճիշտ է, այն ժամանակ, երբ Սերժ Սարգսյանը Ծառուկյանին խնդրեց մոռանալ ամեն ինչ և վերադառնալ, «Ելք» դաշինք գոյություն չուներ: Բայց կային դաշինքի լիդերները, կար Ռոբերտ Քոչարյանը, Կարեն Կարապետյանը, պաշտոնից նոր հեռացած պաշտպանության նախարարը: Ու չէր բացառվում, որ նրանցից որևէ մեկը պարտիան հաջող կխաղար և հաղթանակի շանսեր կստանար, ինչպես փաստորեն եղավ «Ելք»-ի դեպքում»:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում