Տավուշի մարզում Ազատ դեմոկրատներ կուսակցության երկրորդ կանգառը Նոյեմբերյանում էր: Կուսակցության թեկնածու Հրանտ Բագրատյանը բնակիչների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ հավանություն տան իրական փոփոխություններ ընդգրկող ծրագրին:

Շարունակելով նախընտրական ծրագրի կարևորության թեման՝ Հրանտ Բագրատյանը ավելացրեց. «Մենք խոստանում ենք Նոյեմբերյանում զարգացնել արհեստագործությունը, շեշտը դնելու ենք ինքնազբաղվածության ապահովման վրա: Իսկ ինչ վերաբերում է փոքր ու միջին բիզնեսին, ապա այն կզարգանա ի հաշիվ հարկային դաշտի վերափոխման»:
Բնակիչներին ներկայացնելով ալտերնատիվ դատարանի կարևորությունն ու անհրաժեշտությունը՝ Հրանտ Բագրատյանը նշեց,որ այն հիմնվելու է հիշյալ տարածաշրջանում: Ինչպես բանախոսը տեղեկացրեց, նախատեսվում է նաև Նոյեմբերյանը Երևանին կապող երկու թունելի կառուցում:

Շարունակելով նախընտրական թեման՝ Ազատ դեմոկրատներ կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանն էլ հավելեց. «Քաղաքացիներն ասես օտարված են թե՛ ընտրական գործընթացներից, թե՛ երկրում տիրող իրավիճակից»: Նա հորդորեց ընտրողներին աչալուրջ լինել, չտրվել ընտրակաշառքների գայթակղությանը և ընտրեն իրատեսական տնտեսական ծրագիր առաջարկող քաղաքական ուժին: