Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ արդիական է քննարկել քաղաքացիական հասարակության առանձնահատկությունները, ՀՀ-ում քաղաքացիական հասարակության առկայության կամ բացակայության պատճառները, այս օրերին լայն տարածում գտած ընտրակաշառքի թեման, առհասարակ՝ քաղաքական մշակույթի դրսեւորումների հարցը: Այս ամենի շուրջ զրուցել ենք քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լեւոն Շիրինյանի, մշակութային մարդաբան, պատմական գիտությունների թեկնածու Աղասի Թադեւոսյանի եւ ՀՀ քաղաքացիների հետ:

«Եթե կա քաղաքացիական հասարակություն, ուրեմն կա ժողովրդավարություն: Եթե կա ժողովրդավարություն, եւ չկա քաղաքացիական հասարակություն, ուրեմն դա բլեֆ է արդեն»,-կարծում է Լեւոն Շիրինյանը: Նա նշում է, որ մեզ մոտ չի կարող լինել քաղաքացիական հասարակություն, քանի որ մեր երկրում ավտորիտար ռեժիմ է, ինչի պատճառով բոլորն սպասում են մի հեղինակավոր մարդու որոշման, ամեն բան պայմանավորված է մեկ անձով: «Այդ պատճառով դատարան կգնաք, բայց արդարադատություն չեք գտնի,-մտահոգվում է Շիրինյանը՝ հավելելով։- Ըստ ՀՀ Սահմանադրության՝ մեր պետությունն իրավական, սոցիալական, ժողովրդավարական պետություն է եւ ունի քաղաքացիական հասարակություն: Այսինքն՝ Սահմանադրությունը ֆիքսում է այն, ինչն առկա չէ: Մյուս կողմից էլ՝ Սահմանադրությունն առաջադրանք է դնում, թե ինչի պետք է հասնել: Դա, փաստորեն, նպատակ է դառնում, հռչակագրի նման մի բան: Օրինակ՝ եթե դու այսօր չունես Mercedes benz մակնիշի ավտոմեքենա, սակայն ասում ես, որ ունես դա, նշանակում է՝ դու շատ ես ուզում այն ունենալ: Բայց դա դեռեւս քեզ համար երազ է մնում»: Այս օրերին ՀՀ-ում արդիական է ընտրակաշառքի թեման, Լեւոն Շիրինյանն իր բացատրությունն ունի. «Ընտրակաշառքի ակտուալությունը ՀՀ-ում ունի մի քանի պատճառ: Դրանցից առաջինը կապված է ՀՀ-ում աղքատության ցուցանիշի բարձր մակարդակի հետ: Աղքատ ժողովրդին հեշտ է կառավարել, երկրորդը՝ քաղաքական մշակույթի շատ ցածր մակարդակի, երրորդը՝ սովետական աղբ անցյալի հետ: Մարդը կարող է դեմքիդ նայել, մեծ հաճույքով հետդ զրուցել, բայց ձեռքիդ մեջ գումար դնել, այսինքն՝ կաշառք տալ, դա սովետական ավանդույթ է»:

Ընտրակաշառքի մասին զրուցել ենք Երեւանի բնակիչ Գեւորգի հետ: «Կարծում եմ, որ ժողովուրդն ընտրակաշառքի զոհ է դառնում, քանի որ աղքատ է, այդ գումարի կարիքն ունի: Մեկ այլ հարց է, թե ինչքանով է գիտակցում, որ իր ձայնը վաճառելով՝ վտանգում է իր բարեկեցիկ ապագայի հնարավորությունը: Իսկ քանի որ ՀՀ-ում յուրաքանչյուր երրորդն աղքատ է, ուստի ընտրակաշառքն այդչափ գործող է: Դա նաեւ, կարծում եմ՝ քաղաքացիական մտածողության բացակայության խնդիրն է»,-կարծում է Գեւորգը:

Լեւոն Շիրինյանը նշում է, որ հայերս ավելի ռուսասովետականացած ենք, քան հենց իրենք՝ ռուսները: «Նրանք սովետի վրա թքել են վաղուց, իսկ մեզ մոտ տեսնում ենք, թե ինչքան քաղաքական գործիչներ կան, որ միայն Խորհրդային Միությունից են օրինակներ բերում, այլ օրինակներ չգիտեն: Նրանց մտահորիզոնը նեղ է, եւ այլ օրինակ չեն էլ պատկերացնում: Ինչը մեզ հետ կապ չունի էլ, դա մեր վզին փաթաթված իշխանություն էր: Իսկ քաղաքացիական հասարակությունն ինքն է ծնում իրավական պետություն եւ ժողովրդավարություն»,-վստահեցնում է Լ. Շիրինյանը: Նա կարծում է, որ քաղաքացիական հասարակության ծիլեր կային դեռեւս Կիլիկյան Հայաստանում, ինչպես նաեւ Բագրատունիների թագավորության շրջանում: «Եթե մենք ունենայինք կայուն պետականություն, մեզ մոտ կայուն պետական արժեհամակարգ կձեւավորվեր՝ մեր ազգային արժեքների հիման վրա: Բայց մենք անընդհատ, աջ ու ձախ՝ մեկ թուրքի, մեկ պարսիկի, մեկ ռուսի տիրապետության տակ ընկանք, ընդ որում՝ դրանցից երեքն էլ քաղաքակիրթ չէին: Եթե, օրինակ, անգլիական տիրապետություն լիներ, մի բան կսովորեինք, թուրքից սովորել ենք կողոպուտ, ռուսից՝ կոպտություն, պարսիկներից՝ խորամանկություն: Չենք կարող բացարձակ ասել, որ պատճառը նրանք են, բայց հայերի մեջ մտել են բաներ, որ մեր մշակույթում չեն եղել, այլ ներդրվել են օտարների կողմից: Կարծեմ Հյուգոն է ասել․ «Հայերի մեջ եղած լավը նրանց ազգայինն է, վատն օտարից է անցել նրանց»»,-նշում է Շիրինյանը:

Խորհրդարանական կառավարման համակարգին անցումը Շիրինյանը ճգնաժամային է համարում ՀՀ-ի համար: «Չե՞ք տեսնում՝ իրար են սպանում: Եթե դուք արժանիք ունեք, ձեզ հետաքրքիր է խորհրդարանում լինելը, նորմալ է: Բայց տեսնում ենք, որ տրակտորիստը կռիվ է տալիս, նախկին վարորդը, որ այսօր իբրեւ թե բիզնեսմեն է, իրեն կոտորում է խորհրդարանում հայտնվելու համար, մտավորական կոչվածը՝ նույնպես: Այս ամենը նշանակում է, որ արժեքային համակարգը գլխիվայր է շրջվել: Նրանք գիտեն, որ անձնական եւ հասարակական բարիքը, հիմնականում՝ նյութական, հնարավոր է ունենալ իշխանության մեջ լինելով, դրա համար, իրենց կոտորելով ու իրար մորթելով, հասնում են այդտեղ: Ես գիտեմ, որ Իսրայելում բազմաթիվ մտավորականներ եւ գիտնականներ իրենց քաղաքական լիազորությունները դադարեցրել են, քանի որ իրենց համար հետաքրքիր չէ գնալ ու մի երկու տխմարի խոսակցություն առավոտից երեկո լսել: Այս խորհրդարանում կրթությամբ քաղաքագետ, այլ ոչ քաղաքագետ-մանիպուլյատոր, չկա: Թաղային հեղինակությունն այսօր դասակարգ է դարձել: Խորենացին կասեր. «Ողբամ ճակատագիրդ, հայո՛ց աշխարհ, հա՛յ ժողովուրդ»: Այսօր ամենակազմակերպված դասակարգը թաղային հեղինակությունն է, որին մի քանիսն օգտագործում են, «վզներին նստած» քշում են, բայց իրենք էլ նրանցից օգուտ ունեն, քանի որ նրանց են ծառայում:

Այսպիսի երկիր կլինի՞: Իսկ քաղաքացիական հասարակություն ունեցող երկիրը բանվոր դասակարգ, իսկական գյուղացի ու ֆերմեր, արժանապատիվ մտավորականություն, լավ համալսարաններ կունենար: Խայտառակություն է: Ի՞նչ է նշանակում թաղային հեղինակություն: Նրանք առաջվա «ապերոներն» են, դարձել են դասակարգ: Մեր ժամանակ նրանք ներքնահարկերից անգամ համարձակություն չունեին դուրս գալ: Նրանց մասին մարդիկ լսում էին, ոչ թե տեսնում՝ ով է, իսկ հիմա դասակարգ են դարձել՝ իրենց հատուկ դեմքերով, խոսելաոճով, պահելաձեւով: Հատուկ մշակույթ են ձեւավորել: Երկիրը մնաց պլուտոկրատներին՝ փողի քսակի տերերին: Նրանք Մանթաշովներ չեն: Նրանք իրենք իրենց աշխատանքով չեն հարստացել: Ինչպես, օրինակ՝ Թրամփը կամ Գյուլբենկյանը: Նրանց հիմնական մասը սովետական ունեցվածքի կողոպուտով եւ ընկերներին քցելով է աճել: Ի՞նչ կապ ունի իշխանությունը բիզնեսի հետ: Հիմա կուսակցություն տեսնո՞ւմ եք, իրական կուսակցություն գոյություն չունի, կա շահերի խնդիր, խմբավորվել են, հավաքվել իրար գլխի: Նախկին եղածները կծիկի նման չեն քանդվում, ու նույն մարդիկ ընտրությունից ընտրություն խաբելով գնում են: Իսկ մյուսները ճամբարից ճամբար են թռչում, այսինքն՝ շահեր են որոնում, պայմանավորվում են, թե ինչպես նյութական բարիքի տեր դառնան՝ իշխանություն ունենալով: Այդ պատճառով այս անգամվա ընտրություններից ընդհանրապես քաղաքական պայքարի հոտ չի գալիս: Առաջիկա օրերին ինչ կփոխվի, չեմ կարող ասել, բայց հուսահատություն տարածելու իրավունք էլ չունենք»:

Այս պարագայում ժողովուրդն ի վիճակի՞ է ինչ-որ բան փոխելու, մասնագետը պատասխանում է, որ ՀՀ-ում առկա ավտորիտար ռեժիմի պայմաններում ժողովուրդը պետությունից օտարվում է: Դա կոչվում է քաղաքական օտարում: Քաղաքական գործիչների մեծ մասը ժողովրդի անունից է խոսում, սակայն գալիս է ժողովրդին կողոպտելու համար: Այնտեղ, որտեղ առկա է քաղաքական օտարում, այնտեղ վստահության տոկոսն իշխանության հանդեպ շատ նվազ է կամ առկա էլ չէ: Տարիների փորձն է հանգեցրել, որ այսօր ժողովուրդն իշխանության հանդեպ վստահություն չունի:
Արարատի մարզից Սիլվան կարծում է, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններին իր քվեն որեւէ բան փոխել չի կարող: «Մեկ է՝ հաղթելու է այն կուսակցությունը, որը որ պիտի հաղթի: Չնայած էս նոր ձեւերից բան չեմ էլ հասկանում»,-նշում է նա:

Շիրինյանը հավաստիացնում է. «Մեր ուժը մեր ժողովրդի մեջ է, մենք այլ ռեսուրսներ չունենք: Դրա համար եկեք բարձրացնենք մեր ժողովրդին, այլ ոչ թե անընդհատ իջեցնենք: Իսկ եթե իշխանությունն այդպես է վարվում, բնականաբար՝ ժողովուրդն իրեն հեռու է պահում իշխանությունից: Վստահության պակասն առաջացնում է քաղաքական օտարում, իսկ որտեղ քաղաքական օտարում է, այնտեղ քաղաքացիական հասարակության ազդակները շատ թույլ են: Դրա համար ժողովուրդը պիտի ակտիվանա: Ինչպես, օրինակ՝ «Էլեկտրիկ Երեւանն» էր, Սարի թաղն էր: Տեսնո՞ւմ եք, թե ժողովուրդն ինչպես էր ակտիվացել: Մարդիկ ինքնաբուխ իրենց խնդիրները լուծել էին ուզում: Այ, դա քաղաքացիական հասարակության դրսեւորում է, որ մեզ անհրաժեշտ է»:

«Քաղաքացիական հասարակության հիմքերը, անշուշտ, ունենք, որը կարելի է տեսնել, օրինակ, ապրիլյան պատերազմը շահած հայ երիտասարդների մեջ: Բայց այդ սերնդի համար ճանապարհ պիտի բացել, օգնել, որպեսզի քաղաքացիական հասարակության ձեւավորումն ստացվի: Տեսնում ենք փողոցներում երթեր, ցույցեր, դա հենց քաղաքացիական հասարակություն է, որը գործում է Սահմանադրության շրջանակներում՝ հանուն պետականության եւ հանուն մարդու իրավունքների: Նրանք ասում են՝ մեզ չխաբեք: Նրանք պայքարում են արդարության համար: Ընդ որում՝ պիտի հակառակը լինի: Պետությունը պիտի պայքարի արդարության համար, այլ ոչ ես կամ դուք»,- վստահեցնում է Լեւոն Շիրինյանը:

«Եթե մենք այսօր ՀՀ-ում ունենայինք քաղաքացիական հասարակություն, մենք այսպիսի ողբալի վիճակում չէինք լինի: Բայց կան առանձին խմբեր, որոնք ունեն քաղաքացիական մտածողություն եւ ժամանակ առ ժամանակ սկսում են քաղաքացիական նախաձեռնություններով հանդես գալ: Ցավոք սրտի, միշտ չէ, որ այդ նախաձեռնությունները հաջողվում են, քանի որ մասնակիցները՝ թե՛ ֆինանսական առումով եւ թե՛ թվաքանակով, այդքան էլ ուժեղ չեն: Եվ նրանց ճնշել ստացվում է: Մեր իշխանությունները կարողանում են բռնի ուժով ճնշել նրանց նախաձեռնությունները»,-կարծում է պգթ, մշակութային մարդաբան Աղասի Թադեւոսյանը:Նյութի աղբյուրը ` Hraparak.am