Ազգերի համագործակցության օրը (Commonwealth Day) Ազգերի համագործակցություն (մինչեւ 1947 թվականը Ազգերի բրիտանական համագործակցություն) միջազգային միության՝ նախկինում Բրիտանական կայսրության մեջ մտնող եւ Բրիտանիայի միապետին որպես ազատ միության խորհրդանիշ ճանաչող անկախ պետությունների ասոցիացիայի 52 անդամ երկրների ամենամյա տոնն է:

Ազգերի համագործակցության օրը նշվում է մարտի երկրորդ երկուշաբթի: Ազգերի համագործակցության իրավական կարգավիճակը որոշվել է 1931 թվականին (ճշգրտվել է 1947-ին) Վեսթմինսթերյան ստատուտով: Գործում է Համագործակցության քարտուղարություն, անցկացվում են Համագործակցության երկրների ամենամյա համաժողովներ: Մեծ Բրիտանիայում կառավարության կազմում հաստատվել է Համագործակցության գործերով նախարարի պաշտոն:

Համագործակցության անդամ երկրներ կան ամբողջ աշխարհում՝ Աֆրիկայում, Ասիայում, Հյուսիսային եւ Հարավային Ամերիկայում, Եվրոպայում եւ Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում: Նրանց շարքում կան աշխարհի ինչպես խոշոր եւ հարուստ, այնպես էլ փոքր եւ աղքատ երկրներ: Բոլոր անդամները ձայնի հավասար իրավունք ունեն՝ անկախ չափից եւ տնտեսական աճից: Անդամ երկրների ներկայացուցիչները ձեւավորում են Համագործակցության քաղաքականությունը եւ գործունեության առաջնահերթությունները: Նրանք հանդիպում են ամեն 2 տարին մեկ՝ քննարկելու բոլոր հրատապ հարցերը: