Երեկ Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում տեղի ունեցած միջադեպի հետեւանքով ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար Լեւոն Երանոսյանի եղբայրը՝ Լեռնիկ Երանոսյանը, փակ գանգուղեղային տրավմա է ստացել:

Վերջինս տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն: Նրա վիճակը գնահատվում է կայուն: Այս մասին մեր զրույցում ասաց բժշկական կենտրոնի տնօրեն Անատոլի Գնունին: Նա ասաց, որ Լեռնիկ Երանոսյանն այժմ գտնվում է նյարդաբանական բաժանմունքում՝ բժիշկների հսկողության տակ: «Լեռնիկ Երանոսյանը համապատասխան բուժումներ է ստանում»,- ասաց Գնունին:

Հիշեցնենք, որ երեկ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ Ջրառատի գյուղապետ Սամվել Գալստյանի կողմից սպառնալիքներ է հնչեցվել գյուղի բնակչի՝ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համակրի հանդեպ՝ նշելով, որ գյուղապետը ոչ անհայտ փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանի բարեկամն է, իսկ գյուղն էլ նույն Երանոսյանի ծննդավայրն է:

Հաղորդագրության մեջ նշվում էր նաեւ, որ գյուղապետի շրջապատը ներկայացնող անձանցից մեկը դաշինքի կողմնակցի վրա ատրճանակ է ուղղել։ Ըստ շրջանառվող տեղեկությունների ատրճանակը եղել է Լեռնիկ Երանոսյանի ձեռքում: