Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում այսօր՝ մարտի 14-ին, միջադեպը տեղի է ունեցել դպրոցի աշակերտների միջեւ, որին միջամտել են մեծահասակները: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ոստիկանության լրատվության լրատվամիջոցների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վիճաբանությունը սկսվել է դպրոցում աշակերտների միջեւ, ինչին միջամտել են մեծահասակները։

«Վիճաբանող կողմերից մեկի մոտ ինքնաձիգ է եղել, որը մասնակիցները փորձել են վերցնել նրանից: Ըստ նախնական տեղեկությունների՝ սկսվել է քաշքշոց, որի ընթացքում արձակվել է կրակոց, երեք հոգի տեղափոխվել են հիվանդանոց»,-ասաց Ջանոյանը:

Նրա խոսքով, ոստիկանության ծառայողները առգրավել են ինքնաձիգը, կատարվում են համապատասխան միջոցառումները:

Ավելի վաղ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» նախընտրական շտաբը հաղորդագրություն էր տարածել, որ Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) տեղական կառույցի ներկայացուցիչները զինված հարձակում են գործել «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համակիրների վրա, որի արդյունքում կան վիրավորներ:

Դաշինքի ցուցակի 2-րդ հորիզոնականը զբաղեցնող Արմեն Մարտիրոսյանը «Ազատություն» ռադիոկայանի հայտնել է, որիրենց համակիրներից վիրավորված անձինք կան, նրանց տեղափոխում են հիվանդանոց: