«Փաստին» որոշ մանրամասներ են հայտնի դարձել Ջրառատում երեկ շարունակված միջադեպի ու դրա պատճառների առթիվ: Ինչպես հայտնի է, երեկ շարունակվել է ՕՐՕ–ի ու Լևոն Երանոսյանի կողմնակիցների միջև միջադեպը՝ վերածվելով արյունալի մարտի, որի արդյունքում ՕՐՕ–ի երեք կողմնակիցներ, որոնցից մեկն անչափահաս է, վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Ըստ ոստիկանության՝ երեկ Ջրառատում ավտոմատից կրակած անձը բերման է ենթարկվել, որը նույն գյուղի բնակիչ, 35–ամյա Տ. Սարգսյանն է: Մինչդեռ մամուլում տեղեկություն տարածվեց, որ ինքնաձիգից կրակողը եղել է Ջրառատի գյուղապետի եղբայրը: Իսկ Ջրառատի գյուղապետը ՀՀ փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի քրոջ տղան է, և գյուղացիների խոսքերով, նրա ջանքերով է գյուղապետ ընտրվել: «Փաստի» տեղեկություններով՝ Ջրառատում հիմնական կոնֆլիկտը սկսվել է այն բանից հետո, երբ գյուղում ՕՐՕ–ի հանդիպման ժամանակ Երանոսյանների կողմնակիցները հայհոյել են ՕՐՕ–ին իրենց գյուղ հրավիրողին: Իսկ ՕՐՕ–ին Ջրառատ է հրավիրել սպորտսմեն, Ջրառատի գյուղապետի նախկին թեկնածու Ագլ մականունով 26–ամյա Հակոբ Մելքոնյանը:

Վերջինս էլ պարզել է հարաբերությունները իրեն հայհոյած Երանոսյանի կողմնակիցների հետ, ինչի ժամանակ էլ Լեռնիկ Երանոսյանը կրակել է իր «Մակարով» ատրճանակից: Երեկ տեսանյութ հրապարակվեց, որից երևում է, որ միջադեպին մասնակցել է նաև անձամբ ՀՀ տխրահռչակ փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանը, սակայն ոստիկանությունից հրաժարվեցին «Փաստին» պարզաբանել, թե ինչո՞ւ է փոխոստիկանապետը հայտնվել միջադեպի կիզակետում: Գյուղացիները պատմում են, որ Լևոն Երանոսյանը հիմնականում տարբեր սպառնալիքներով փորձում է իր ազդեցությունը պահել Ջրառատ գյուղում, անգամ գյուղապետի պաշտոնում զոռով անցկացրել է քրոջ տղային, սակայն Հակոբ Մելքոնյանը ևս պակաս կողմնակիցներ ու բարեկամություն չունի գյուղում ու չի վախենում Երանոսյանի սպառնալիքներից: «Փաստին» հասած տեղեկություններով՝ երեկվա միջադեպից հետո Մոսկվայից Հայաստան են գալիս Հակոբ Մելքոնյանի բարեկամները, ով էլ երեկվա միջադեպի արդյունքում հրազենային վնասվածք է ստացել ինքնաձիգից:

Ինչպես պատմեց ՕՐՕ–ի կողմնակիցների պաշտպան, փաստաբան Կարեն Մեջլումյանը, ըստ գյուղացիների, 17–ամյա Արայիկ Մելքոնյանին, ով Հակոբ Մելքոնյանի բարեկամներից է, դպրոցից գալիս հայհոյել են: «Դրանից հետո Հակոբը գնացել է պարզելու՝ ինչու են հայհոյել պատանուն, կրակողները գյուղապետարանից են դուրս եկել կարծես: Ոնց որ թե ուզել են ավտոմատով կրակել Հակոբի վրա, երեխան քաշել է ավտոմատից, էդ ժամանակ լոմով խփել են, երեխայի ձեռքը կոտրել»,–ասաց փաստաբանը՝ հավելելով, որ հավանաբար դրանից հետո կրակել են Հակոբի վրա ու դանակահարել մեկ այլ համագյուղացու:

«Էրեբունի» հիվանդանոցի տնօրեն Միքայել Մանուկյանը «Փաստի» հետ զրույցում ասաց, որ Ջրառատից հիվանդանոց տեղափոխված 17–ամյա Արայիկ Մելքոնյանը արմունկի կոտրվածք ունի, 26–ամյա Հակոբ Մելքոնյանը ձախ ոտնաթաթի հրազենային թափանցող վնասվածք՝ առանց ոսկորների կոտրվածքի և ունի քունքոսկրի պատռված վերք: 73–ամյա Մելիք Մելիքյանը աջ և ձախ նստատեղերի կտրող–ծակող գործիքով վնասվածքներ ունի: «Այս պահին երկուսը վերակենդանացման բաժնում են, ստանում են վիրաբուժական մշակում և, կարծում եմ, դրանից հետո կտեղափոխվեն հիվանդասենյակ: Պատանին հիվանդասենյակում է»,–ասաց տնօրենը:

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը ֆեյսբուքյան էջում գրել է, որ «Ջրառատ գյուղում այսօր տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցվել է քրեական գործ, որով նախաքննության կատարումը ՀՀ ՔԿ նախագահի կողմից հանձնարարվել է ՀԿԳ քննության գլխավոր վարչությանը։ Նախնական տվյալներով՝ ժամը 13։30–14:00–ի սահմաններում Ջրառատ գյուղի գյուղապետարանի մոտ տեղի է ունեցել վիճաբանություն, ծեծկռտուք, որի ժամանակ ինքնաձիգից հնչել են կրակոցներ։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 3 հոդվածներով՝ 112–րդ, 258–րդ և 235–րդ հոդվածների հատկանիշներով։ Ստեղծվել է քննչական խումբ և այս պահին դեպքի վայրում աշխատում է քննչական խումբը՝ փորձագետների հետ միասին, իրականացվում են անհրաժեշտ քննչական և օպերատիվ–որոնողական միջոցառումներ՝ վիճաբանության շարժառիթը, մասնակիցների շրջանակը պարզելու համար»:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: