ՀՀԿ-ի նախընտրական ծրագրում չկան դրույթներ այն մասին, թե ինչպես է պետք խթանել երիտասարդների ամուսնություններին։ Այս մասին մարտի 15-ին հայտնել է ՀՀԿ նախագահի առաջին տեղակալ, վարչապետ Կարեն Կարապետյանը Էրեբունի վարչական համայնքում ընտրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով այն հարցին, որ շատ երիտասարդներ նախընտրում են չամուսնանալ սոցիալական խնդիրների պատճառով։

«Մեր ծրագիրը ուղղված է նրան, որ տնտեսությունը զարգանա, ստեղծվեն աշխատատեղեր, որ երիտասարդները խնդիրներ չունենան»,- ասել է Կարապետյանը։

Նա նաեւ անդրադարձել է պետական ծառայությունում երիտասարդների աշխատանքի խնդրին։ «Շատ դեպքերում պահանջվում է փորձ, որը երիտասարդը չի կարող ունենալ։ Իսկ մենք պետական համակարգում էնտուզիազմով մարդկանց կարիք ունենք»,- հավելել է Կարեն Կարապետյանը։