Ձեզ հեշտ կյանք չեմ խոստանում՝ մենք պետք է աշխատենք հանուն մեր երկրի բարօրության: Այս մասին Երեւանի Նուբարաշեն համայնքում ընտրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀԿ փոխնախագահ, վարչապետ Կարեն Կարապետյանը:

Վարչապետի խոսքով՝ երկրի բարօրությանը հասնելու միակ միջոցը խղճով աշխատելն է: Գուցե մի փոքր ավելի շատ, քան պետք է: Դրա փոխարեն, հոգնածության հետ կատարածից բավարարվածություն ես ունենում եւ քո աշխատանքի արժեքավորության գիտակցում: «Իհարկե, կարելի է հեքիաթ խոստանալ, որտեղ երկնքից ամեն ինչ թափվում է: Բայց ինչ-որ բանի հասնելու համար, հարկավոր է ոտքի կանգնել եւ ինչ-որ բան անել: Ամեն օր: Դա հեշտ չէ, բայց սա մեր երկիրն է, եւ մենք դա կանենք: Եվ հետո՝ ինչո՞վ ենք ուրիշներից պակաս: Երբեմն մեղք չէ նաեւ ինքնասիրության մասին մտածելը: Ինչո՞ւ պետք է մենք ի զորու չլինենք անել այն, ինչը ուրիշներն արել են»,- հայտարարեց Կարապետյանը: