«Երանոսյանն ու իր բարեկամներն ուզում են Ջրառատն իրենցով անեն. գյուղապետ թե պատգամավոր՝ իրենցը պիտի լինի: Իրենք կարան նույնիսկ օրը ցերեկով զենքը հանեն-կրակեն, ու ոչ մեկն իրենց բան չասի: Գյուղում մի ճանճ էլ որ տզզա, քեռին քաղաքից զորքով գալիս, վախացնում-գնում է (խոսքը գյուղապետի մորեղբոր՝ փոխոստիկանապետ Լյովա Երանոսյանի մասին է՝ Ս. Մ.)»: Այսպես ներկայացրին Ջրառատի մթնոլորտը գյուղապետարանի մոտ հավաքվածները:

Նրանցից մեկը՝ վիրավորվածների բարեկամը, որոշ մանրամասներ պատմեց: Ըստ նրա՝ վիրավորված եղբայրներից ավագը՝ Հակոբը, տեսել է, թե ինչպես է Լեռնիկ Երանոսյանը՝ Լեւոն Երանոսյանի եղբայրը, զենքը պահել կրտսեր եղբոր՝ Նարեկի գլխին՝ կարգադրելով ծնկի իջնել: «Հակոբը սպորտսմեն տղա է՝ իր ուժերի վրա վստահ, հո դրանց նման վախկոտ չէ՞, որ զենք վերցնի… Լեռնիկին խփել-գցել է գետնին, զենքը ձեռքից առել, որը հիմա ոստիկանությունում է: Բայց տեսեք ոնց են սարքել. ինքնապաշտպանություն են ձեւակերպել, թե իբր Լեռնիկն ինքնապաշտպանվել, օդ է կրակել: Մի հարցնող լինի․ դուք՝ զենքով, գյուղացիք՝ անզեն: Էդ ումի՞ց եւ ինչի՞ համար եք ինքնապաշտպանվում»: 

Տղամարդը պատմեց նաեւ, որ զինված բախումն «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի» հանդիպման օրվա միջադեպի շարունակությունն էր: Ասաց, որ գյուղապետ Սամվել Գալստյանն այդ օրը հայհոյել է դաշինքի անդամներին ու համախոհներին եւ սպառնացել, որ ՀՀԿ-ից բացի այլ ուժերի ձայն տալու դեպքում իրենց համար վատ է լինելու:
«Եթե այդ օրվա մեղավորները պատժվեին, բանը սրան չէր հասնի: Հիմա էլ փորձում են ուրիշ աստառ տալ, թե իբր երկու ընտանիքների միջեւ հին թշնամանք է: Ոչ մի թշնամանք էլ չկա: Հետո՞ ինչ, որ երկուսն էլ գյուղապետ դառնալու պայքար են տարել: Մեկն ընտրվել է, մյուսը՝ ոչ: Էլ ի՞նչ թշնամանք, ի՞նչ բան, մանավանդ, որ իրենք շարունակել են նախկինի նման շփվել իրար հետ»:

Ջրառատցիները վրդովված են իրականությունը գլխիվայր շրջելու իշխանության գործելաոճից: Զայրացած են, որ «ձվի մեջ մազ են փնտրում»՝ կատարվածի մեղքը Երանոսյաններից մաքրելու եւ միջադեպը ՀՀԿ-ի «փեշերից» հեռու տանելու համար:
«Եթե նույնիսկ դպրոցի տնօրենն է հավաքարարին հաթաթա տալիս, որ ՕՐՕ-ի հանդիպմանը մասնակցելու համար գործից կհանի, էլ ինչի՞ մասին է խոսքը: Թող չփորձեն ՀՀԿ-ին ու նրա կամակատարներին ջրից չոր դուրս բերել: Էս միջադեպն անմիջականորեն կապ ունի ընտրության հետ, ուրիշ պատճառ չկա»,- ասացին գյուղապետարանի մոտ հավաքվածները:

Ասացին նաեւ, որ այսքանից հետո թող ՀՀԿ-ն իրենց գյուղից որեւէ ձայնի ակնկալիք չունենա:

Նյութի աղբյուրը ` Hraparak.am