Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի համայնքների ղեկավարներն այսօր՝ մարտի 18-ին, վարչապետ Կարեն Կարապետյանին խնդրեցին գումար տրամադրել մսի կոմբինատ ստեղծելու համար:

Առաջինը նման խնդրանքով վարչապետին դիմեց Տավուշ համայնքի ղեկավարը:

«Խնդրում ենք, որ մեր շրջանում մի մսի կոմբինատ սարքեք»,- ասաց գյուղապետը:

Կարեն Կարապետյանը հիշեցրեց համայնքի ղեկավարների՝ 5 տարվա զարգացման ծրագրերը: Տավուշի գյուղապետն արձագանքեց, որ Նավուր գյուղապետ Արամ Նիգոյանն արդեն ներկայացրել է:

«Թող Նավուրի գյուղապետը դիմի, ես ձեր փոխարեն լինեի, այնպես կանեի, որ հենց ձեր համայնքում ստեղծվի մսի կոմբինատը»,- ասաց վարչապետը:

Այնուամենայնիվ, Նավուրի գյուղապետը հայտարարեց, որ ինքն արդեն ծրագիրը ներկայացրել է, 70 տոկոս ներդրումն ինքը կանի, իսկ մնացած 8 մլն դրամն էլ խնդրում է Կառավարությունից: Վարչապետը հետաքրքրվեց՝ բիզնես պրոյեկտ է, Արամ Նիգոյանը պատասխանեց, որ այո, սակայն նպատակն է, որ տարածաշրջանում լինի մսի կոմբինատ: Կարեն Կարապետյանը զարմացավ՝ ինչու պետք է բիզնես պրոյեկտ լինի, իսկ Կառավարությունն էլ 8 մլն դրամ գումար հատկացնի:

Հիշեցնենք, որ Կարեն Կարապետյանն այսօր Հանրապետական կուսակցության քարոզարշավ է իրականացնում Տավուշի մարզում, թեեւ կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկված չէ: