Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր` մարտի 19-ին, այցելել է Լոռու մարզում գտնվող Արամյանցի առանձնատուն: Կարեն Կարապետյանին ամառանոցի մոտ դիմավորել է գործարար Վահե Կարապետյանը, որը մտադիր է ներդրում կատարել եւ հիմնանորոգել ամառանոցը: Կարեն Կարապետյանը վստահություն է հայտնել, որ Վահե Կարապետյանի միջոցով հնարավոր է ամառանոցը դարձնել տուրիստական կենտրոն:

«Շատ ուժեղ ա, գժանոց ա, սա մեր ֆիշկան պետք է լինի, շատ չքնաղ շինություն է, եռանդուն գործարար ունենք, որի հետ պայմանավորվում ենք` աշխատանքները սկսելու: Ուժեղ ֆիշկա ենք անելու, սա դառնալու է շատ հետաքրքիր տուրիստական կենտրոն, հետո մեր խասյաթի համաձայն կասենք, որ շվեյցարական շինարարությունը Ախթալայից է սկսվել»,-ասաց Կարեն Կարապետյանը:

Նշենք, որ Արամյանցի ամառանոցի հարցով դեռ ամիսներ առաջ մի խումբ մտավորականներ դիմել էին վարչապետին, որպեսզի կառույցը չքանդվի: Կարեն Կարապետյանը խոստացել էր հարցին լուծում տալ, վարչապետին դիմած մտավորականներն այսօր նույնպես Ախթալայում էին եւ իրենց նամակին արձագանքելու համար նկարիչ Հրանտ Թադեւոսյանը վարչապետին նվիրեց նկար, որի վրա պատկերված է Արամյանցի ամառանոցը: