Այն մարդիկ, ովքեր ուզում են այս երկրում շարունակել ապրել կռացած, բեռի հոգսի տակ, չտեսնել որեւէ դրական փոփոխություն, կարող են քվեարկել այսօրվա ներկայի օգտին։ Այս մասին, այսօր՝ մարտի 19-ին, Երեւանի Դավիթաշեն հայանքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է «Հայկական վերածնունդ» կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը։

NEWS.am-ի թղթակիցը հայտնում է, որ դավիթաշենցիների հետ հանդիպումը կայացավ Երեւանի թիվ 189 ավագ դպրոցում:

Մինչ Արթուր Բաղդասարյանի ժամանելը, Դավիթաշեն-Աջափնյակ-Արաբկիր վարչական շրջաններում ՀՎԿ-ի կողմից առաջադրված թեկնածուները անհանգիստ վերուվար էին անում եւ Արթուր Բաղդասարյանի ժամանելը ձգձգում, մինչ դպրոցի դահլիճը լցվեր: Արթուր Բաղդասարյանը դավիթաշենցիների հետ հանդիպմանը եկավ 20 րոպե ուշացումով:

Դահլիճ մուտք գործելուն պես ընտրողները ծափերով ընդունեցին, Արթուր Բաղդասարյանն էլ սրտնեղեց, որ դավիթաշենցիներն իրեն լավ ծափ չեն տալիս:

«Մի հատ լավ ծափ տվեք»,- ասաց Արթուր Բաղդասարյանն, ինքն իրեն եւս ծափահարելով:

«Սիրելի դավթաշենցիներ, արդեն 10 օրից ավելի քարոզարշավ ենք իրականացնում եւ ձայններս կտրվել է այնքան ենք խոսել»,- նշեց Արթուր Բաղդասարյանն ու ներկայացրեց Դավիթաշեն-Աջափնյակ-Արաբկիր համայքներում առաջադրված ՀՎԿ թեկնածուներին եւ «պահանջեց» ելույթներ ունենալիս էմոցիոնալ չլինել եւ ներկայացնել միայն կուսակցության ծրագրերը:

«Հայաստանում 5 տարի այլեւս չի լինելու որեւէ ընտրություն: Այն մարդիկ, ովքեր ուզում են այս երկրում շարունակել ապրել կռացած, բեռի հոգսի տակ, չտեսնել որեւէ դրական փոփոխություն, կարող են քվեարկել այսօրվա ներկայի օգտին: Իսկ ովքեր ուզում են իրենց կյանքում փոփոխություն, առաջարկում ենք քվեարկել «Հայկական վերածնունդ» կուսակցության օգտին»,- ասաց Արթուր Բաղդասարյանը:

Նշենք, որ «Հայկական վերածնունդ» կուսակցության ղեկավարը ընտրողների հետ հանդիպումներին ժամանում է կարմիր համարանիշներով մեքենայով, որոնք Հայաստանում հաշվառված են դեսպանատների եւ դեսպանների պատվիրակությունների ավտոմեքենաների համար: