Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մարտի 19-ին, ժամը 09:23-ին ահազանգ է ստացվել, որ Սիսիան-«Զանգեր» ավտոճանապարհին` Շաքի գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ավտվթար. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Սիսիան-Երեւան հատվածի 9-րդ կմ-ին «Toyota Camry» մակնիշի 50 VO 007 համարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ մի քանի պտույտ գործելով, մոտ 200 մետր, շրջվել ձորը. կան 2 զոհ եւ 3 տուժած:

Ավտոմեքենայի ուղեւորներ` 32-ամյա Վարթիթեր Գ.-ն (ԼՂՀ քաղաքացի) եւ 57-ամյա Արեւիկ Թ.-ն տեղում մահացել են:

Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել զոհերի դիերը, իսկ վարորդ՝ 35-ամյա Արմեն Մ.-ն, ուղեւոր՝ 60-ամյա Վ. Մ.-ն եւ 36-ամյա Կ. Մ.-ն պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենաներին: Տուժածները հոսպիտալացվել են Սիսիան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի ենթարկվածները ընտանիքի անդամներ են եղել, մահացածներն են՝ վարորդի մայրը, նշանածը, իսկ վիրավորներն են վարորդի հայրն ու եղբայրը: