ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ մարտի 19-ին Զանգեր»-Սիսիան «ճանապարհին երկու անձի մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքի առթիվ։

ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ 2017թ. մարտի 19-ին՝ ժամը 09:30-ին, ահազանգ է ստացվել, որ Զանգեր-Սիսիան ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար, եւ կան տուժածներ:

Նախնական քննության տվյալներով ՝ 2017թ. մարտի 19-ի վաղ առավոտյան Երեւան քաղաքի բնակիչ Ա.Մուխսիյանն իր կողմից վարած «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենայով ուղեւորվել է դեպի ԼՂՀ Մարտունու շրջանի Կարմիր Շուկա գյուղ։ Ավտոմեքենայի մեջ են գտնվել վարորդի ծնողները, եղբայրը՝ նշանածի հետ։

Ժամը 09:30-ի սահմանում Երեւան-Մեղրի ավտոճանապարհի 199-րդ կմ-ում ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ գլորվել աջակողմյան ձորը, ինչի արդյունքում ուղեւորները՝ վարորդի մայրը եւ եղբոր նշանածը, ստացած վնասվածքներից տեղում մահացել են, իսկ վարորդը եւ 2 մյուս ուղեւորները տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոն:

Դեպքի առթիվ 2017թ. մարտի 19-ին ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով:

Կատարվել է դեպքի վայրի, դիակների զննություն, նշանակվել դատաբժշկական փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհետաձգելի քննչական գործողություններ՝ վթարի հանգամանքները պարզելու ուղղությամբ: