Շնորհավորում եմ իմ բոլոր կոլեգաներին՝ մասնագիտական տոնի կապակցությամբ, ցանկանում եմ նրանց քաջ առողջություն, նորանոր հաջողություններ աշխատանքային բնագավառում: Թող բնական աղետները շրջանցեն մեր երկիրը, մեր կանխատեսումները լինեն միայն բարենպաստ օդերևութաբանական երևույթների վերաբերյալ, իսկ եթե նույնիսկ լինեն վատ կանխատեսումներ, թող դրանք չարդարանան:
Սկսած 1961 թվականից՝ մարտի 23-ը համաշխարհային օդերեւութաբանական կազմակերպության անդամ, աշխարհի 188 երկրներում նշվում է որպես համաշխարհային օդերեւութաբանական օր՝ պայմանավորված 1950 թվականի այդ օրը Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության կոնվենցիայի գործողության մեջ մտնելու հանգամանքի հետ։ Արդեն 12-րդ տարին է, Հայաստանում այդ օրը նշվում է որպես օդերեւութաբանի օր՝ համաձայն կառավարության համապատասխան որոշման։

2016 թվականին այդ օրվա համար ընտրվել է «Ավելի շոգ, չորային, խոնավ հայացքով` ապագային» նշանաբանը եւ դա պատահական չէ, քանի որ մոլորակի բոլոր կետերում տեղի են ունենում եղանակի եւ կլիմայի հետ կապված այնպիսի շրջադարձային եւ ճակատագրական իրադարձություններ, որ ակնառու է դարձնում Երկրագնդի գլոբալ դիտարկումների եւ ուսումնասիրման անհրաժեշտությունը։

Տարերային աղետների 90 տոկոսը այս կամ այն կերպ եղանակային, կլիմայական կամ ջրային ծագում ունեն։ Ցավոք, վերջին տարիներին տարերային աղետների կտրուկ աճի միտում է նկատվում, ինչը չի կարող իր բացասական ազդեցությունը չունենալ բնականոն զարգացման վրա։ Նման իրավիճակը պահանջում է օդերեւութաբանական եւ հիդրոլոգիական սպասարկման նոր, ավելի կատարելագործված տեսակներ։
Հայաստանում բնության, եղանակի եւ կլիմայի նկատմամբ ակնադիտարկումներ կատարվել են շատ վաղ ժամանակներում, իսկ առաջին գործիքային դիտարկումները՝ 18-րդ դարի քառասունականներին, Խաչատուր Աբովյանի մասնակցությամբ, երբ կազմակերպվեցին Ալեքսանդրապոլի (Գյումրի, 1843թ.), Էրիվանի (Երեւան, 1844թ.), ապա նաեւ Նոր Բայազետի (Գավառ, 1890թ.) եւ Ելենովկայի (Սեւան, 1894թ.) օդերեւութաբանական կայանները։

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/gagik.surenyan/posts/1407971852599393