Ազատության հրապարակում հավաք է ընթանում՝ ի հիշատակ «Հաց բերող» Արթուր Սարգսյանի: Թեպետ Սարգսյանին երեկ հուղարկավորել են Շահումյանի գերեզմանատանը, ակցիաների կազմակերպիչ Շահեն Հարությունյանն ու նրա ընկերները շարունակում են ակցիաներն ու նստացույցը Ազատության հրապարակում:

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ հրապարակում նախորդ օրերի համեմատ չափազանց քիչ է հավաքի մասնակիցների թիվը:

Շահեն Հարությունյանը բարձրախոսով հայտնեց, որ իրենք շարունակելու են ակցիաները, թեեւ շատերը չեն գալիս: «Իրավագիտակից մարդիկ չեն գալիս այստեղ, բայց ֆեյսբուքում պահանջում են արժեքավոր պայքար: Մի արդարացեք ձեր չգալով, ասեք, որ չեք ուզում պայքարեք: Իրենք չեն գալիս, եկողին էլ փնովում են, դա խայտառակություն է»,- ասել է ակտիվիստը՝ նշելով, թե իրենց քննադատում են միապաղաղ պայքար մղելու համար: