–Ես դեռ ոչինիչ չեմ կարող ասել, նայել եմ մամուլը։ Ես նրան երկար ժամանակ է՝ չեմ հանդիպել, չգիտեմ՝ ինչով է զբաղվում, ինչ է անում, բայց կարող եմ ասել, որ այդ ձերբակալությունը հենց այս ժամանակահատվածում պետք չէր,– այս մասին «7օր»–ի հետ զրույցի ժամանակ ասել է գեներալ-մայոր, Արցախի հերոս Արկադի Տեր–Թադևոսյանը՝ անդրադառնալով ՀՀ ԱԱԾ–ի կողմից ԼՂՀ ՊՆ և ՊԲ նախկին հրամանատար, Արցախի հերոս, գեներալ–լեյտենանտ Սամվել Բաբայանի ձերբակալմանը։
Պատասխանելով այն հարցին, որ արդյոք այդ քայլը կարո՞ղ է դիտարկվել որպես քաղաքական հետապնդում, Արկադի Տեր–Թադևոսյանը ասել է, որ հնարավոր է, և գուցե այն պատճառով, որ Սամվել Բաբայանը սատարում է Սեյրան Օհանյանի դաշինքին։
–Քաղաքականության մեջ այնպես է, որ այսօր մեկը մյուսի հետ է, այնուհետև իրար հետ չեն աշխատում, հետո նորից աշխատում են, ընկերություն են անում։ Ով քաղաքականությամբ զբաղվում է, դա հասկանում է, նորմալ երևույթ է։ Ով չգիտի քաղաքական խաղերը, ավելի լավ է՝ չհասկանա և չխառնվի,– նկատել է Ա. Տեր–Թադևոսյանը։
Նա ընգծել է, որ այս միջադեպին նայում է թշնամու աչքերով և Սամվել Բաբայանի ձերբակալումը նրանց համար մեծ ուրախություն կլինի։
–Դա ուրախություն է մեր թշնամիների համար։ Իմ կարծիքով մենք նրանց նման շանս չպետք է տայինք։ Այս դժվար պահին մենք պետք է միասին լինենք։ Քաղաքականությունը՝ քաղաքականություն, հասկանալի է, որ պետք է պայքար լինի, բայց սահմաններ գոյություն ունեն,–հավելել է Արկադի Տեր–Թադևոսյանը։
Նյութի աղբյուրը՝ Top-news.am