Մեկ- մեկ, ինչ որ ձեռքս է ընկնում, լսում եմ մանկապարտեզների և դպրոցների տնօրենների ձայնագրություն - խոստովանությունները և իրավական հիմքից զատ ուզում եմ մի ժողովրդական ամոթանք տալ՝ յանի՜ մեկդ քթածակ չունե՞ր։

Մի դեպք եմ հիշում․

Պապս արդեն 100-ին մոտ էր, տատս էլ ջահել էր՝ կլիներ մի 90 տարեկան։ Ասեմ, որ 100 տարեկանում էլ պապս իր ամրակազմությամբ փայլում էր։ Մի սպիտակ մազ չուներ, մի ատամ չուներ ընկած, գուցե ճանաչող ընթերցողները վկայեն։ Ոտերից էր խեղճ։ Էն էլ թուրքերը որ եզի տեղ սայլին լծել- բանեցրել էին, դրանից էր։ Հա, ի՞նչ էի ասում։ Տատս ջահել էր՝ 90 տարեկան, թշիկները կարմի՜ր- կարմի՜ր․․․ Կարմիր հալավ էր հագնում, «կրակ տալիս»։ Երբ պապս մի սխալ բան էր ասում, որ տատիիս սրտին մոտ չէր, ասում էր՝ «Յանի քթածակ չոնե՞ս»։ Հետո էլ սխալն ուղղում էր՝ « Քֆթառալա, վեչինչ»։

Հիմա մեր էս տնօրեններն են՝ քթածակ չունեն։ Մեկի մտքովը չանցա՞վ, որ քաղաքական այս թոհուբոհի մեջ կարող է նման մի փորձարկում արվի։ Թե քոռ- քոռ շտաբի Նարեկ անունը լսեցին, իմացան թե թաղից նոր պոկած փշփշոտ վարունգ է, աղը վերցրին, վազեցին․․․

Հիմա տատիս ասածը հիշեցնե՞մ՝ «քֆթառալ եք, վեչինչ»։ 


Գոնե հիմա ունքը դզելու տեղ, աչքը չհանեք։ Ո՜չ երանի ձեր տիրոջը։ Մեկդ մյուսին գերազանցում եք։

Հիշեցնենք, որ «Իրազեկ քաղաքացիների միավորումը» փաստեր է հավաքել․

«Մենք զանգեցինք 136 դպրոցներ և մանկապարտեզներ՝ 103 դպրոց և 33 մանկապարտեզ։ Ներկայացանք Հանրապետական կուսակցությունից և սկսեցինք հարցեր տալ ցուցակների հետ կապված»,-ասել է Դանիել Իոաննիսյանը։

Տնօրենների ավելի քան 80%-ը ասել է, որ քաղաքացիների է հավաքագրում, որոնք խոսք են տվել քվեարկել ՀՀԿ-ի համար։ Իրենց կայքը հրապարակել է 114 ձայնագրություն։

Նյութի աղբյուրը՝ Hraparak.am