Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Անդրանիկ Մնացականյանի նախագահությամբ ավարտվել է Մհեր Ա.-ի գործի դատական քննությունը:

44-ամյա Մհերին մեղադրանք էր առաջադրվել տուժողի առողջությանն անզգուշությամբ միջին ծանրության վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 121 հոդվածի 1-ին մասով:

Տուժողը Մհերի հետ փաստական ամուսնական հարաբերությունների մեջ գտնված կնոջ 3 տարեկան որդին էր…

Ըստ մեղադրանքի՝ 2016 թվականի սեպտեմբերի 13-ին, ժամը 21-ի սահմաններում խորթ հայր Մհերը սուտ խոսելու պատճառով իրենց բնակարանում բարկացել է երեքամյա երեխայի վրա ու, «դրսևորելով հանցավոր անփութություն», անտեսելով լոգասենյակի սալիկապատ հատակին թաց ոտքերով կանգնած երեխայի՝ իր հարվածից սայթաքելու, վայր ընկնելու և վնասվածք ստանալու հնարավորությունը, ինչը «պարտավոր էր ու կարող էր նախատեսել», հարվածել է երեխային՝ 44 տարեկան տղամարդը ոտքով հարվածել է 3 տարեկան մանչուկի հետույքին:

Երեխան կորցրել է հավասարակշռությունը, ընկել ու գլխով հարվածել է լոգասենյակի սալիկապատ հատակին: Նա ստացել է գանգուղեղային տրավմա, գլխուղեղի թեթև աստիճանի սալջարդ: Երեխայի առողջությանն անզգուշությամբ պատճառվել է միջին ծանրության վնաս:

Մհեր Ա.-ն իրեն լիովին մեղավոր է ճանաչել, գործը քննվել է արագացված ընթացակարգով:

Երեխայի օրինական ներկայացուցիչը՝ մայրը՝ Մհեր Ա.-ի նախկին փաստական կինը, չի առարկել, բողոք կամ պահանջ չի ներկայացրել, չնայած նշել է, որ Մհերի հետ չի հաշտվել:

Մհեր Ա.-ն մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 121 հոդվածի 1-ին մասով և դատապարտվել է 80 հազար դրամ տուգանքի:

Դատավճիռը չի բողոքարկվել և օրինական ուժի մեջ է մտել: