«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեկ Արմավիրի մարզի Փարաքար համայնքի մշակույթի տան բակում մարզի ընտրողների հետ հանդիպում ունեցավ ԱԺ պատգամավորության թեկնածու, ՀՀԿ-ական Առաքել Մովսիսյանը: Նրա հետ նույն հարթակում էին կանգնել սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Խաչիկ Ասրյանը եւ դերասան Գոռ Վարդանյանը:

Հանդիպման ժամանակ նույն գյուղի դպրոցի ուսուցչուհիներից Կարինե Վարդանյանը գովեստի խոսքեր ասաց Մովսիսյանի հասցեին, ապա հետաքրքրվեց՝ ճի՞շտ է այն լուրը, որ Փարաքար համայնքի դպրոցը պետք է լուծարվի: Մոտենալով խոսափողին Առաքել Մովսիսյանն իր խոսքն այսպես սկսեց. «Նախ ես շնորհակալություն եմ հայտնում սիրելի փարաքարցիներ, որ միշտ ձեր կողքին եմ եղել եւ դուք հավաքվել եք էսօր իմ պատվին: Լիքը շնորհակալություն եմ հայտնում եւ հաստատ իմացեք՝ ձեզ չեմ հիասթափացնի: Միշտ ձեր կողքին եմ եղել եւ կլինեմ»:

Անդրադառնալով մանկավարժի բարձրացրած հարցին՝ Առաքել Մովսիսյանը վստահեցրեց, որ որեւէ մեկը չի կարող դպրոցը սեփականաշնորհել, մինչդեռ հարցը դպրոցի լուծարմանն էր վերաբերվում:

«Պատասխանը դպրոցի համար՝ ոչ մեկի գրպանում դրած չի, որ դա կարա սեփականաշնորհի եւ տանի էս դպրոցը, կամ խանութ սարքի իրանց պապաների համար, դա չի ստացվի, չենք թողա: Դուք էլ կմիանաք ինձ ու չենք թողա, ես ձեր հետ եմ: Մի բան էլ ասեմ՝ ձեզ երբեւիցե մենակ չեմ թողա եւ չեմ հիասթափացնի, ոնց ապրել ենք նույն ձեւի շարունակելու ենք ապրել: Ինձ ո՛չ պաշտոնն ա փոխում, ո՛չ էլ պատգամավոր լինելը»,- հայտարարեց Առաքել Մովսիսյանը:

Ի դեպ, մինչ հավաքի սկսելը՝ ժամը 15:30-ից, Փարաքարին հարակից Բաղրամյան գյուղի միջնակարգ դպրոցի բակում արդեն իսկ հավաքվել էին դպրոցի մանկավարժական անձնակազմը եւ աշակերտների ծնողները: Երեւան-Բաղրամյան երթուղին սպասարկող թիվ 205 միկրոավտոբուսներից երկուսը մոտեցան բակում հավաքվածներին, ապա նրանց տեղափոխեցին Փարաքար: Այստեղ էլ մեզ հայտնի դարձավ, որ հավաքված քաղաքացիների մեջ մի խումբ կա, որը ոստիկանության զորքերի ծառայողներից է բաղկացած»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում