«Փաստ» օրաթերթը գրում է. Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին պատկանող «Գեղի գոլդ» հանքավայրը, որը գտնվում է Սյունիքի մարզի սահմանամերձ Գեղի և Լորի համայնքների տարածքում, չնայած նախնական ծրագրին, չի շահագործվում: 4 տարի ոսկու որոնողական աշխատանքներից հետո «Գեղի գոլդ»–ը հայտ էր ներկայացրել հանքի շահագործման լիցենզիա ստանալու:

Նշենք, որ ծրագրի համաձայն՝ «Գեղի գոլդ» հանքավայրը պետք է շահագործվեր ու 300 աշխատատեղ ապահովեր: Գեղի գյուղի գյուղապետ, ՀՀԿ անդամ Վասիլ Գրիգորյանը «Փաստի» հետ զրույցում ասաց, որ հանքավայրում աշխատանքներ չեն իրականացվում, որևէ աշխատատեղ չի ստեղծվել: «Հանքը չի աշխատում, մարդ չկա, գոյություն չունի: Ոչ մեկը էդ գործով հիմա չի զբաղվում: Գործող հանք չկա մեր մոտ էս պահին: Ոչ մի աշխատատեղ, աշխատանք չկա: Էս պահին չի շահագործվում»,– ասաց գյուղապետը:

Միևնույն ժամանակ՝ վերջինս վստահ է, որ դա կապ չունի Սուրիկ Խաչատրյանի պաշտոնանկության հետ: Անցյալ տարվա հունիսին Սյունիքում գործող 4 հասարակական կազմակերպություններ դիմել էին նախագահ Սերժ Սարգսյանին՝ խնդրելով կասեցնել «Գեղի գոլդ» ընկերությանը տրված Ոսկեձորի ոսկու հանքավայրի շահագործման լիցենզիան։ Ըստ բնապահպանների՝ հանքի շահագործումը բացասաբար կանդրադառնա ոչ միայն հանքավայրի մերձակա Գեղի համայնքի, այլև Կապանի խմելու ջրի որակի վրա։

Չնայած սրան՝ Ոսկեձորի հանքարդյունահանման համալիրի ծրագիրը քննարկվել էր Գեղի համայնքում և համայնքը համաձայնել էր հանքի շահագործմանը, քանի որ հանքարդյունաբերողները խոստացել էին աշխատատեղեր բացել գյուղում։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: