երեկ «Ելք» դաշինքի անդամ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում հայտարարություն էր արել, որ զինված հարձակում է տեղի ունեցել դաշինքի անդամների վրա: Ուղիղ եթերում Նիկոլ Փաշինյանը ցույց էր տվել հարձակվողներից առգրավված զենքը։ Ժամեր առաջ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջի միջոցով տեղեկացրել էր, որ զենքը արդեն հանձնվել է ոստիկաններին և հաստատվել է, որ դրանում 7 մարտական փամփուշտ է առկա եղել․ «Հարձակում գործած անձը բերման է ենթարկված այս պահին, հարուցված է քրեական գործ։ Այս պահին չեմ կարող ասել, թե ինչ հոդվածով է գործը հարուցված, բայց գործ է հարուցված։ Եվ, ըստ ամենայնի, գործ հարուցվելուց հետո հանցագործութուն գործած անձը կձերբակալվի։ Այս պահին մենք ոստիկանությունում բացատրություններ, ցուցմունքներ ենք գրում տեղի ունեցածի մասին։ Հանցագործություն գործած անձը այս պահին Մալաթիայի բաժնում է՝ բերման ենթարկվածի կամ ձերբակալվածի կարգավիճակով։ Մեն թիմի հետ ամեն ինչ կարգին է, մեր Հայկը վնասվածքներ ունի, բայց նրան դատաբժշկի ուղեգիր կտրվի»:

Նշենք, որ երեկ ՀՀ ոստիկանապետի խորհրդական Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ միջադեպի մասնակիցը ոստիկանության Մալաթիայի բաժնում է և հրապարակել էր լուսանկար, ինչպես նաև գրել էր, որ ոստիկանության քրեագետները փորձաքննության են ենթարկում զենքը։ ««Ելք» դաշինքից ահազանգ ստանալով ոստիկանները անմիջապես ժամանել են պարոն Փաշինյանի ասած վայրը, սակայն միջադեպի մասնակիցները հարավ արևմտյան թաղամասից շարժվել էին կենտրոնի ուղղությամբ։ Ոստիկանները կապ էին հաստատել Նիկոլ Փաշինյանի հետ որպեսզի մոտենան։ Ի վերջո ոստիկանների և պարոն Փաշինյանի հանդիպումը տեղի ունեցավ Հարավ արևմտյան թաղամասում, միջադեպի տեղում։ Ինքս անձամբ եղա թե Տերյան փողոցում և թե Հարավ Արևմտյան թաղամասում, որտեղ տեղի էր ունեցել միջադեպը։ Հանդիպեցի պարոն Փաշինյանին, հասցրեցինք նույնիսկ մի քանի բառ փոխանակել։ Արձանագրված միջադեպով զբաղվում է ոստիկանության Մալաթիայի բաժինը, հանգամանքները պարզվում են։ Ոստիկանության արձագանը ի սկզբանե եղել է օպերատիվ»։

Նշենք, որ ականատեսներն ավելի վաղ հայտնել էին, թե միջադեպի մասնակիցներից է «Հոկտեմբերի 27»-ի գործով նախկին դատապարտյալ Արթուր Այվազյանը՝ «Մանախ» մականունով։ Նա մեկ տարի առաջ ազատ էր արձակվել 15 տարվա պատժի կրումից հետո։ Նա նախկինում մեղադրվում էր և դատապարտվել էր «Հոկտեմբերի 27»-ի գործով կարևորագույն վկաների մեկի՝ Սամվել Առաքելյանի սպանությունը պատվիրելու համար։ Սամվել Առաքելյանը սպանվել էր 2001-ի հոկտեմբերի 14-ին, նրա դիակը հայտնաբերվել էր Երևանի Հաղթանակ կամրջի տակ: