Ժամը 08.00-ի դրությամբ Հայաստանի ողջ տարածքում թվով 2009 տեղամասային կենտրոններում մեկնարկել են ՀՀ խորհրդարանական ընտրությունները, սակայն 2 տեղամասային կենտրոններում տեխնիկական սարքերի խափանում է եղել: Այս մասին, այսօր՝ ապրիլի 2-ին, հայտարարել է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:

Նրա փոխանցմամբ, ընտրական տեղամասային հանձնաժողովներում ներգրավված են 15976 քաղաքացիներ:

«Այս անգամ տեղամասային կենտրոններում առաջին անգամ քվեարկությունն ընթանում է տեխնիկական սարքավորումների կիրառմամբ: Ժամը 8.00-ի դրությամբ բացվել են տեղամասային կենտրոնները, սկսվել է նաեւ սարքերի գործարկումը: 4 հազար տեխնիկական սարքավորումներ են տրամադրված, որոնք փորձարկվել են, ունենք նաեւ այդ սարքերի մասնագետի փոփոխման մեկ դեպք՝ առողջական խնդիրների պատճառով: Լոռիում երկու տեղամասերում խափանում է արձանագրվել, ընտրություններն իրականացվում է համարակալված կտրոններով: Փորձում են արագ կարգի բերել սարքավորումները»,- հայտարարեց ԿԸՀ նախագահը:

Նրա խոսքով, ընտրությունները կվերահսկեն միջազգային 650 եւ տեղական 28 հազարից ավելի դիտորդ, տեղամասերի մոտ 92 տոկոսում ներկա են գտնվել լրատվամիջոցների ներկայացուցիչներ, Ներկայացված է 89 լրատվամիջոցոցի 1263 ներկայացուցիչ եւ 31 օտարերկրյա լրատվամիջոցի 80 ներկայացուցիչ:

Նշենք, որ այսօր՝ ապրիլի 2-ին Հայաստանում խորհրդարանական ընտրություններ են ընթանում։ 2015թ. դեկտեմբերին կայացած հանրաքվեով ընդունված Սահմանադրությամբ Հայաստանի 6-րգ գումարման Ազգային ժողով են անցնելու առնվազն 105 պատգամավորներ (նրանցից 4-ը՝ ազգային փոքրամասնություններին տրվող հատուկ քվոտաներով)։ Ընտրությունների համար ՀՀ տարածքում բացվել են 2009 ընտրատեղամասեր։

2017թ. ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունները միակ համապետական ընտրություններն են առաջիկա հինգ տարիների ընթացքում, քանի որ, նույն սահմանադրական բարեփոխման համաձայն, Հայաստանը դառնում է խորհրդարանական հանրապետություն։

Ընտրություններին մասնակցում են 5 կուսակցություններ եւ 4 դաշինքներ։ Խորհրդարան անցնելու համար կուսակցություններին անհրաժեշտ է ստանալ ընտրողների քվեների 5 տոկոսը, դաշինքներին՝ 7 տոկոսը։