Ժամը 11:00-ի դրությամբ խորհրդարանական ընտրությունների քվեարկությանը մասնակցել է 344 հազար 714 քաղաքացի կամ քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների 13,32 տոկոսը: Այս մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովում հայտարարել է հանձնաժողովի նախագահի տեղակալ Լաուրա Գալստյանը՝ հավելելով, որ տեղեկություններն ստացվել են էլեկտրոնային եղանակով:

Նա նշել է, որ քվեարկելու իրավունք ունեցվող քաղաքացիների ընդհանուր թիվը 2.587.706 է:

Նշենք, որ այսօր՝ ապրիլի 2-ին Հայաստանում խորհրդարանական ընտրություններ են ընթանում։ 2015թ. դեկտեմբերին կայացած հանրաքվեով ընդունված Սահմանադրությամբ Հայաստանի 6-րգ գումարման Ազգային ժողով են անցնելու առնվազն 105 պատգամավորներ (նրանցից 4-ը՝ ազգային փոքրամասնություններին տրվող հատուկ քվոտաներով)։ Ընտրությունների համար ՀՀ տարածքում բացվել են 2009 ընտրատեղամասեր։

2017թ. ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունները միակ համապետական ընտրություններն են առաջիկա հինգ տարիների ընթացքում, քանի որ, նույն սահմանադրական բարեփոխման համաձայն, Հայաստանը դառնում է խորհրդարանական հանրապետություն։

Ընտրություններին մասնակցում են 5 կուսակցություններ եւ 4 դաշինքներ։ Խորհրդարան անցնելու համար կուսակցություններին անհրաժեշտ է ստանալ ընտրողների քվեների 5 տոկոսը, դաշինքներին՝ 7 տոկոսը։