«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը ժամը 15։00-ի դրությամբ արձանագրել է հետեւյալ ընտրախախտումները․

Թիվ 13 ընտրատարածքն ընդգրկող (Տավուշի մարզ) 37/15 ընտրական տեղամասում (գ․ Կողբ) հանձնաժողովի անդամները չհրկիզվող պահարանի դուռը կոտրել են, պատճառաբանելով, թե բանալին չի բացում, ու դուռը կոտրված է մինչ այս պահը, ու խնդիրը վերացնելու ուղղությամբ որեւէ քայլ չի ձեռնարկվում։ (կից լուսանկար)։ «Ազատ դեմոկրատների» վստահված անձը միջադեպը արձանագրել է գրանցամատյանում։ Նույն ընտրատեղամասում՝ չունենալով տեղամասում գտնվելու որեւէ կարգավիճակ, անարգել շրջում է Կողբ համայնքի ղեկավարը եւ միջամտում ընտրական գործընթացին։

Նալբանդյանի անվան թիվ 33 դպրոցում (Նար Դոս 38 հասցե) տեղակայված 9/7, 9/8, 9/9, 9/10 տեղամասեր մեծ թվով ընտրողների բերում են երթուղայիններով:

Ժամը 12.30-ի դրությամբ Արշակունյաց 2 հասցեում գտնվող Դատապարտյալների հիվանդանոցում տեղակայված 9/62 ընտրական տեղամասը փակ է եղել։

16/06 ընտրական տեղամասում (Արմավիր քաղաք) ակնհայտ ուղղորդված քվեարկություն է եղել, մարդկանց հրամայված է եղել մինչ ժ. 11.00-ն ներկայանալ ընտրատեղամաս։

Շենգավիթի 8/29-տեղամասում 11/69 կտրոնի ազգանվան դիմաց արդեն ստորագրած է եղել, 19/16-ի փոխարեն ստորագրել են 19/14-ի դիմաց, 19/17-ի փոխարեն՝ 19/19-ի դիմաց, 19/04-ի փոխարեն՝ 19/02-ի դիմաց, 19/00-ի փոխարեն՝ 18/99- դիմաց, 19/15-ի փոխարեն՝ 19/13-ի դիմաց են ստորագրել:

Դիտորդի ահազանգին պատասխանել են, թե սարքի անսարքությունն է խնդիրը, այդ մարդիկ իրենց անունների դիմաց են ստորագրել:

Շենգավիթի 8/18 ընտրատեղամասում, որը թիվ 46 դպրոցի շենքում է տեղակայված, դպրոցի տնօրենը, այս ընտրություններում չունենալով որեւէ կարգավիճակ, շրջում է ընտրատեղամասում ու կարգադրություններ է անում՝ ակնհայտ միջամտելով ընտրական գործընթացին։

2/32 տեղամասում (թիվ 27/119 մանկապարտեզ, հասցե՝ Վիլնյուսի 59) ընտրության եկած քաղաքացին հայտնաբերել է, որ իր անվան դիմաց ստորագրված է։ Նրան նույնպես տրվել է քվեարկության իրավունք եւ նա ստորագրել է այն նույն տողի վրա, որտեղ եղել է այդ ստորագրությունը, այսինքն՝ նույն վանդակում երկու ստորագրություն է դրվել(Տե՛ս կից տեսանյութը)։

Ժ. 13.00-ից մինչեւ 14.12-ի դրությամբ 13/32 ընտրատեղամասում (Արարատի մարզի Արարատ գյուղ) կուտակումներ են:

28/8 ընտրատեղամասում (Կոտայքի մարզ, գ․ Նոր Գեղի, Արվեստի դպրոց) չի ապահովվում քվեարկության գաղտնիությունը քվեախցիկների սխալ տեղադրության հետեւանքով: Բացի այդ՝ տեսախցիկը ֆիքսում է ընդամենը քվեարկության սրահի փոքր հատվածը, բառացիորեն երեւում են միայն քվեախցիկները:

5/06(Դավիթաշեն) տեղամասի հարակից ավտոտնակում քաղաքացիներին գումար են բաժանում եւ ուղղորդված կերպով ուղարկում քվեարկության։

5/07(Դավիթաշեն) ընտրատեղամասում առավոտյան 3 անձ միաժամանակ մտել են քվեախցիկ՝ քվեարկելու: Մեր վստահված անձը դադարեցրել է ընտրությունը, կարգը վերականգնելուց հետո միայն նոր սկսվել է քվեարկությունը։

Կենտրոն համայնքի 9/7, 9/8, 9/9 եւ 9/10 ընտրատեղամասեր պատգամավորի թեկնածու Հակոբ Բեգլարյանի անունից հանձնաժողովի անդամներին խորոված է ուղարկվել։

Այդ նույն տեղամասերում մի քանի երիտասարդ անընդհատ ծերերի հետ մտնում են քվեախցիկ՝ իբրեւ թե վերջիններիս օգնելու քվեարկեն։ Նշենք, որ ծերերին օգնելու պատրվակով քվեախցիկ մտնելու եւ նրանց քվեարկությունը վերհսկելու դեպքերը համատարած են եւ նման արձագանքներ ստացել ենք գրեթե բոլոր ընտրատեղամասերից։

9/4 ընտրատեղամասի (Նորք Մարաշ) հանձնաժողովի նախագահ Հայկուհի Թյուփելյանը հրաժարվում է վստահված անձանց տրամադրել գրանցամատյանը՝ ընտրախախտումներն արձանագրելու համար, նաեւ սպառնում է մեր վստահված անձին հեռացնել տեղամասից։

2/49 եւ 2/50(Նոր Նորքի 2-րդ զանգված) մի քանի երիտասարդներ անարգել մտնում են ընտրատեղամասեր՝ ներս բերելով մի խումբ քաղաքացիների, հետեւում են վերջիններիս ընտրությանը եւ նրանց հետ հեռանում տեղամասից։ Հանձնաժողովի նախագահը հրաժարվում է արգելել տվյալ երիտասարդների մուտքը տեղամաս, այն դեպքում, որ այդ երիտասարդները ընտրատեղամասում գտնվելու որեւէ կարգավիճակ չունեն։

Աբովյան քաղաքի 28/18 եւ 28/19 ընտրատեղամասերում շուրջ մեկ ժամ անջատված է եղել էլեկտրաէներգիան։