Ես վստահ եմ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության շանսերում՝ այն տվյալների հիման վրա, որոնք մենք ստացել են մի շարք ընտրատեղամասերից, չնայած այս պահի դրությամբ ընդհանուր պատկերը մեզ հայտնի չէ։ Այս մասին ապրիլի 2-ին ասել է «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունից պատգամավորության թեկնածու Ստյոպա Սաֆարյանը։

Նրա խոսքով, իրենց քաղաքական ուժը, եթե որեւէ արտասովոր բան տեղի չունենա, ձայների հաշվարկի արդյունքներով ունի 5 տոկոսի շեմը հաղթահարելու բոլոր շանսերը։

Սաֆարյանը թերահատավությամբ է գնահատել Exit poll-ի արդյունքները, քանի որ հարցում իրականացրած կազմակերպությունը, նրա խոսքով, վստահություն չի առաջացնում։

Այդուհանդերձ, նրա խոսքով, եթե ձայների հաշվարկի արդյունքում պարզվի, որ իրենց կուսակցությունը չի հաղթահարել շեմը, ապա դրանում միայն ընտրողները մեղավոր կլինեն։ «Եթե մեր հասարակության համար ընդւոնելի է այն, ինչ տեղի է ունենում՝ վերցնել կաշառք, կամ էլ ենթարկվել լավ փիառին, ապա հասարակությունը պետք է պատրաստ լինի հետագա իրադարձություններին, պետք է ստանձնի ընտրված ուղու բեռը։ Եթե ընտրողների համար այդ ամենը ընդունելի է, ապա մենք խնդիր չենք տեսնում։

ՀԻշեցնենք, որ Baltic Surveys/The Gallup Organization կազմակերպության իրականացրած Exit poll-ի տվյալներով՝ «Ազատ դեմոկրատները» հավաքում են ձայների 2 տոկոսը։Առաջատար են ՀՀԿ-ն՝ 46 տոկոս ու «Ծառուկյան» դաշինքը՝ 25 տոկոս։ «Ելք» դաշինքն ունի 10 տոկոս, իսկ ՀՅԴ-ն՝ 5 տոկոս։

Հայաստանում ապրիլի 2-ին տեղի են ունեցել խորհրդարանական ընտրություններ։ Ընդամենը մրցապայքարին մասնակցել է 5 քաղաքական ուժ ու 4 դաշինք։ Կուսակցությունները խորհրդարան անցնելու համար պետք է հաղթահարեն 5 տոկոսի շեմը, իսկ դաշինքները՝ 7 տոկոսի։