Ըստ ԱԺ ընտրությունների նախնական տվյալների, Հայաստանի նոր Ազգային ժողովի 101 մանդատներից 58-ը բաժին կհասնի ՀՀԿ-ին, 31 մանդատ բաժին կհասնի «Ծառուկյան» դաշինքին, 9 մանդատ՝ «Ելք» դաշինքին եւ 7 մանդատ՝ «ՀՅԴ»-ին:

Ընտրական օրենսգրքի 95-րդ հոդվածի համաձայն` մանդատները բաշխվում են հետեւյալ կերպ. Ազգային ժողով է անցել 4 քաղաքական ուժ: Նրանցից յուրաքանչյուրի մանդատը հաշվարկում է այսպես. տվյալ ուժի ստացած ձայների թիվը բազմապատկվում է 101-ով (ԱԺ-ի մանդատների նվազագույն թիվը), ապա բաժանվում այդ 4 ուժերին կողմ քվեարկած ընտրողների ձայների գումարի վրա:

ԱԺ անցնելու համար նվազագույն շեմը հաղթահարած 4 քաղաքական ուժերը միասին ստացել են 1 425 434 ձայն: Այսինքն՝ եթե ՀՀԿ-ն ստացել է 771 247 ձայն, ապա այդ թիվը բազմապատկվում է 101-ով, ապա բաժանվում 1 425 434-ի: Ստացվում է 54,6 մանդատ:

Նույն մեխանիզմով «Ծառուկյանը» դաշինքին բաժին է հասել 30,3 մանդատ, «Ելք» դաշինքին՝ 8,6 մանդատ, ՀՅԴ-ին՝ 7,3 մանդատ: Նրանց ստացած մանդատների ամբողջական թվերի գումարը 99 է: Այսինքն՝ եւս երկու մանդատ պետք է բաշխվի այդ 4 ուժերի միջեւ:

Քանի որ այդ 4 ուժերի ստացած մանդատների թվերի մեջ տասնորդականների մեծությամբ առաջինն են ՀՀԿ-ն ու «Ելք» դաշինքը, ապա նրանք ստանում են մեկական մանդատ:

Այսինքն՝ արդյունքում ստացվում է, որ ՀՀԿ-ն ստանում է 55 մանդատ, «Ծառուկյան» դաշինքը՝ 30 մանդատ, «Ելք» դաշինքը՝ 9 մանդատ եւ ՀՅԴ-ն՝ 7 մանդատ:

Բացի դրանից, Ընտրական օրենսգրքով 4 տեղ հատկացվում է ազգային փոքրամասնություններին: Բանաձեւի կիրառմամբ այդ 4 մանդատներից 3-ը բաժին է հասնում ՀՀԿ-ին, իսկ մեկ մանդատ՝ «Ծառուկյան» դաշինքին: Արդյունքում ՀՀԿ-ի մանդատների թիվը դառնում է 58, «Ծառուկյան» դաշինքինը՝ 31, «Ելք» դաշինքինը մնում է 9, եւ ՀՅԴ-ինը՝ 7: ԱԺ-ն բաղկացած կլինի 105 պատգամավորից:

Այսպիսով՝ ՀՀԿ-ն խորհրդարանում ստանում է մանդատների 55,2 տոկոսը: Դա բավարար է կայուն մեծամասնության համար եւ ՀՀԿ-ն առանց որեւէ ուժի հետ կոալիցիա կազմելու կարող է ձեւավորել կառավարություն:

Նշենք, որ ԿԸՀ-ն հրապարակել է ԱԺ ընտրությունների նախնական արդյունքները, ըստ որոնց՝ արդյունքները բաշխվել են հետեւյալ կերպ. Հանրապետական կուսակցություն- 49,12 տոկոս, «Ծառուկյան» դաշինք՝ 27,32 տոկոս, «Ելք» դաշինք՝ 7,77 տոկոս, ՀՅԴ՝ 6,57 տոկոս: Ընտրություններին մասնակցած մնացած 5 ուժերը («Ազատ դեմոկրատներ, «Հայկական վերածնունդ», ՕՐՕ դաշինք, «Կոնգրես-ՀԺԿ» դաշինք եւ Կոմկուս) չեն հաղթահարել ԱԺ-ում հայտնվելու նվազագույն շեմը:

ԿԸՀ նախնական տվյալներով, ընտրություններին մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող 2 մլն 588 հազար 590 քաղաքացիներից 1 մլն 577 հազար 323-ը, կամ 60,93 տոկոսը: